Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուն, նշեց, որ Սարգսյանը պատրաստված մարդ է և կարող է պատվով կատարել իր գործը:
«Եթե խոսում ենք անձի հատկանիշների մասին, ուրեմն այդտեղ կասկածելու խնդիր չունենք: Եթե խոսում ենք կազմակերպչական աշխատանքների մասին, էլի կասկածելու որևէ բան չկա: Եթե խոսում ենք արտաքին աշխարհի հետ շփումների մասին, այդտեղ ևս խնդիր չկա: Խնդիր չկա նաև պաշտպանության նախարարության բուն գործելակերպի հետ: Նրա իրազեկվածության հետ կապված ևս որևէ խնդիր չունենք, որովհետև Սարգսյանը նախ աշխատել է ՊՆ-ում՝ որպես ռեֆերենտ, նաև նախագահի աշխատակազմի ղեկավար էր և ի պաշտոնե արդեն շփվում էր բոլոր կառույցների հետ, և բնական է, որ նա ունի իր որոշակի կարծիքը»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ կա համաշխարհային փորձ, որը ցույց է տալիս՝ պաշտպանական կառույցի ղեկավարները քաղաքացիական անձինք են, նույնիսկ` կանայք, իսկ բուն պաշտպանության հետ կապված խնդիրները համակարգում է շտաբի պետը:
«Պաշտպանության նախարարը միայն քաղաքական գործիչ է, քաղաքակական պաշտոնյա է ու զբաղվում է քաղաքական պաշտոնով: Զորքերի հետ գործը, պաշտպանության ամրության հարցը համակարգողը թող լինի շտաբի պետը, ով կանի նաև իսկական զինվորական գործը»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո բավական շատ բացեր հայտնաբերվեցին, և դա՞ էր պատճառը, որ պաշտպանության նախարարը փոխվեց, Ավետիսյանը պատասխանեց. «Մենք ցանկացած պարագայում խոսում ենք սխալների շտկման, խնդիրների լուծման մասին և այդ համատեքստում պետք է երկու բան իրար զուգակցենք` անձը և համակարգը: Այնպես չէ, որ միայն ապրիլյան պատերազմը վեր հանեց թերություններ, այդ թերությունները պայմանավորված չէին միայն անձով, կամ միայն համակարգով: Կան նաև համակարգային խնդիրներ, ու այս երկուսի ճիշտ զուգակցումը կտա իր արդյունքը: Վիգեն Սարգսյանի նշանակմամբ և համակարգում տեղ գտած որոշակի խնդիրների շտկմամբ կկարողանանք ավելի լավ արդյունքների հասնել»:
Խոսելով Սեյրան Օհանյանի հետագա գործունեության մասին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց. «Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը կունենա որևէ պաշտոն, որովհետև նա այն անձնավորությունն է, ով անցել է հերոսական ճանապարհ և ունի բավարար ներուժ` մեկ այլ տեղում դրսևորվելու»: