կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 15:55
Տարածաշրջան

Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվում Դերսիմի հայերի կոտորածների մասին

Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվում Դերսիմի հայերի կոտորածների մասին

Թուրքիայում  վավերագրական ֆիլմ է նկարահանվում Դերսիմի Վանք գյուղի հայերի՝ 1937-38թթ. կոտորածների մասին: Ըստ Özgur Gündem թերթի՝ վավերագրական ֆիլմը կոչվում է «Վանքի երեխաները» և պատմում է Վանք գյուղի, այնտեղ բնակվող հայերի ու նրանց դաժան ճակատագրերի, տեղի պատմական հայկական վանական  համալիրի մասին, որը ռմբակոծվել և ավերվել է 1938-ին:

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ ֆիլմի ռեժիսորը Նեզահաթ Գյունդողանն է: Ֆիլմում ներկայացված է նաև երեք տարբեր ազգերի և տարբեր կրոնների պատկանող երեք եղբայրների պատմությունը: Եղբայրներից ամեն մեկը ճակատագրի բերումով ապրել է տարբեր ինքնություններով՝ որպես հայ, թուրք և քուրդ: Նրանցից  մեկը քրիստոնյա է, մյուսը՝ մուսուլման, երրորդը՝ ալևի: Այս պատմությունը ցուցադրում է Դերսիմի կոտորածների ողջ դառնությունը:

Լրագրողների հետ զրույցում ֆիլմի ռեժիսորը նշել է, որ Վանք գյուղն ու դարեդար այնտեղ բնակված հայերի պատմությունները բացահայտել է պատահաբար, երբ «Դերսիմի կորած աղջիկները» ծրագրի շրջանակներում  որոնելիս է եղել դերսիմցի մի հայ աղջկա ազգականներին:

Գյունդողանն ընդգծել է, որ հայերը Դերսիմի դարավոր բնակիչներն են եղել, սակայն այսօր այդ բնակավայրում հայեր գրեթե չկան: Բոլորը հեռացել են, բնակություն հաստատել Թուրքիայի կամ աշխարհի տարբեր ծայրերում:

Ըստ ռեժիսորի՝  «Վանքի երեխաները» ֆիլմի նպատակն է  ցույց տալ 1938թ. տեղի ունեցած  դժբախտությունները,  թուրքական պետության վարած մարդասպան և ասիմիլացիոն քաղաքականությունը, ինչպես նաև պետությանն ու հանրությանը ստիպել առերեսվել անցյալի հետ:

Վավերագրական ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է  2016 թվականին: