Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում փաստագրական ֆիլմ է նկարահանվում Հաքքարիում ասորիներից և նեստորականներից մնացած եկեղեցիներին մասին։ «Անարձագանք ճիչ» վերնագրված ֆիլմը նվիրված է այստեղի 10 եկեղեցիների։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Gazete Duvar» պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հաքքարի նահանգի գավառներում ասորական համայնքի համար նշանակություն ունեցող 150 եկեղեցիների էական մասը փլվել է, իսկ կանգուն մնացած 30 եկեղեցիներն էլ ավիրվում են գանձագողերի կողմից։ Լրագրող Էմին Սարըի 40 րոպեանոց «Անարձագանք ճիչ» ֆիլմը նվիրված է դեռ կանգուն մնացած եկեղեցիների թեմային։
Ֆիլմն սկսել է նկարահանվել 2 ամիս առաջ։ Վերջին նկարահանումն իրականացվել է Քըրըքդաղ (Դեզե) հովտում գտնվող Սուրբ Շալիթա վանքում։ Ֆիլմի հեղինակ Էմին Սարըն լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նշել է, թե Հաքքարիում շատ նշանավոր պատմական կառույցներ կան, և որ իրենք ցանկանում էին ուսումնասիրել դրանք, սակայն մինչ այդ հնարավորությունները չէին բավարարում։ Ի վերջո ֆիլմի հեղինակը և իր թիմը իրենց նախագիծը ներկայացրել են Թուրքիայի լրագրողների միությանը, որն էլ ընդունել է այն ֆինանսավորելու առաջարկը։ Ֆիլմի հեղինակը նաև հայտնել է, որ մեկ ամիս հետո ֆիլմը պատրաստ կլինի։
Սարըն ընդգծելով, որ Հաքքարիում եկեղեցիներ և այլ հոգևոր կառույցներ անտեր են մնացել, հավելել է․ «Եկեղեցիների և վանքերի էական մասը շուտով լիովին կքանդվի։ Դրանք չեն պահպանվում։ Հուսով եմ՝ այս ֆիլմի միջոցով հետաքրքրություն կառաջանա սույն շինությունների հանդեպ։ Ցանկանում ենք թե՛ ասորի ժողովրդին ներկայացնել և թե՛ աշխատանքներ սկսել այդ եկեղեցիների պահպանման ուղղությամբ»։
Նեստորականների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացրած՝ Հաքքարիի համալսարանի դասախոս Յաշար Քափլան իր հերթին հայտնել է․ «Սուրբ Շալիթա վանքը անտուն մարդկանց բույնն էր։ Տեղյակ չենք, թե երբ է այն կառուցվել, սակայն այս վայրը դարձել էր չքավոր մարդկանց հավաքատեղի։ Նախկինում այստեղ էին մնում իրենց կյանքը հավատքին և աղոթքին նվիրված հոգևորականները, ովքեր չէին ամուսնանում։ Երբ նրանք լքեցին Հաքքարին, այս տեղերն անտեր մնացին։ Դեռևս 20-30 տարի առաջ այս վայրերը կանգուն էին։ Գյուղացիները տեր էին կանգնում նրանց։ Սակայն հետագայում գանձագողերը մեծ ավիրումների տեղիք տվեցին։ Այսպիսի սուրբ և պատմական վայրերը շատ էական են մեր երկրի համար։ Ակնկալում ենք, որ նմանատիպ կառույցները վերանորոգվեն և բացվեն զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ»։
Քրդերենով նկարահանված փաստագրական ֆիլմի մոնտաժային աշխատանքները շուտով կավարտվեն, որից հետո այն պատրաստ կլինի ցուցադրման համար։
https://www.gazeteduvar.com.tr/hakkarideki-kiliseler-belgesel-oldu-sahipsiz-ciglik-haber-1502742
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net