կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 12:06
Հասարակություն

Կործանված օդանավի անձնակազմի հայ անդամների դիերը Հայաստան տեղափոխելու նոր խնդիր է առաջացել

Կործանված օդանավի անձնակազմի հայ անդամների դիերը Հայաստան տեղափոխելու նոր խնդիր է առաջացել

Հարավային Սուդանում երեկվանից վերսկսվել է նոյեմբերի 4-ին վթարված ԱՆ-12 բեռնատար օդանավի անձնակազմի 5 հայ անդամների դիերի տեղափոխման հետ կապված գործընթացը: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ եւ կիրակի օրերին ամբողջության փակ էր, այդ իսկ պատճառով տեխնիկական խնդիրներ էին առաջացել: ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ իրավական հարցերի կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել հայրենիք։ ԱԳՆ-ից հավաստիացրեցին, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը եւ Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս օրերին Հարավային Սուդանում է գտնվում օդանավի սեփականատեր Գագիկ Պապիկյանը, ով օդաչուների ընկերների և այնտեղ գտնվող՝ քաղավիացիայի ոլորտի որոշ պաշտոնյաների հետ զբաղվում է դիերի տեղափոխման հարցով: Բացի այն հանգամանքին, որ շաբաթ և կիրակի օրերին Ջուբայի օդանավակայանը չի աշխատել, այլ տեխնիկական խնդիր էլ է առաջացել: Մեր տեղեկություններով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից սահմանված չափանիշների համաձայն՝ օդանավի անձնակազմի դիերը պետք է տեղափոխվեն հատուկ՝ ցինկե դագաղներով, ինչպիսիք, սակայն, Սուդանում չկան, և դրանք հարևան երկրներից բերելը դանդաղեցրել է գործընթացը:

Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերին Կոնգոյում կործանված ինքնաթիռի անձնակազմի 5 հայ անդամների դիերը Հայյաստան տեղափոխելու գործընթացը մոտ մեկ ամիս տևեց: Տեղափոխումը հնարավոր եղավ իրագործել ավիաընկերության ղեկավարության և զոհվածների հարազատների ջանքերով: Իսկ այս դեպքում, երբ լրատվամիջոցների հետևողականության արդյունքում գործընթացին միջամտեց նաև ՀՀ ԱԳՆ-ն, ակնկալվում է, որ դիերի տեղափոխման գործընթացը պետք է որ հնարավորինս արագ կատարվի: