կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 13:48
Հասարակություն

Ո՞վ է զբաղվելու կործանված բեռնատար ինքնաթիռի 5 օդաչուների աճյունները Հայաստան տեղափոխելու խնդրով

Ո՞վ է զբաղվելու կործանված բեռնատար ինքնաթիռի 5 օդաչուների աճյունները Հայաստան տեղափոխելու խնդրով

Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների աճյունները Հայաստան տեղափոխելու հարցով պետք է զբաղվի այն ընկերությունը, որտեղ աշխատել են անձնակազմի անդամները: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Նշենք, որ օդանավը պատկանում է տաջիկական Asia Airways ընկերությանը:

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության և ՌԴ դեսպանության միջոցով փորձում են ճշտել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընկերությունը՝ ՀՀ քաղաքացիների մարմինները Հայաստան տեղափոխելու համար: Եվ եթե ընկերությունը չիրականացնի մարմինների տեղափոխումը, նախարարությունը նոր միայն կփորձի միջամտել:

Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ, մեզ հասած որոշ տեղեկություններով, օդանավի սեփականատերը «Տարոն ավիա» ընկերության տնօերն Գառնիկ Պապիկյանն է, ով վարձակալական հիմունքներով օդանավը շահագործման էր հանձնել տաջիկական Asia Airways ընկերությանը:

Մեր տեղեկություններով՝ զոհվածների հարազատները երեկվանից փորձում են կապ հաստատել Գ. Պապիկյանի և նրա եղբոր հետ, քանի որ հենց Պապիկյանն է անձնակազմին տարել Սուդան ՝ աշխատելու: Հարազատները, սակայն, yerkir.am-ին հայտնեցին, որ որևէ կերպ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ: Որոշ տեղեկություններով՝ Գառնիկ Պապիկյանը ներկայումս գտնվում է Կոնգոյում:

Նշենք, որ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ կործանված ինքնաթիռը 2014թ.-ից հանվել է Հայաստանի գրանցումից: Մոտ 8 տարի առաջ հայկական ընկերություններից օդանավը շահագործել է Վահրամ Սիմոնյանին պատկանող «South Airlines»-ը: Հիշյալ ընկերությունից yerkir.am-ին հայտնեցին, որ 2007-ից ի վեր իրենց ընկերությունը ԱՆ-12 մոդելի ինքնաթիռներ չի շահագործու, և Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի հետ իրենց ընկերությունը որևէ առնչություն չունի:

Yerkir.am-ը փորձում է նաև կապ հաստատել Գառնիկ Պապիկյանի հետ՝ ճշտելու, թե նա ի՞նչ կապ ունի կործանված ինքնաթիռի և անձնակազմի զոհված հայ անդամների հետ: