ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հանդիպումները կրում են շարունակական բնույթ, և դա բնական է, որովհետև Հայաստանի ու Ռոըսաստանի միջև դաշնակցային հարաբերություններ են: Նալբանդյանը նշեց, որ այսօրվա հանդիպումն էլ լավ հնարավորություն է քննարկելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման արդյունքում: Ինտենսիվ հանդիպումներ են ընթանում նաև ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև: Նալբանդյանի խոսքով` Լավրովի հետ քննարկել են տարածաշրջանային հարցեր, ԼՂ կարգավորման հարցը, ՄԽ գործադրած ջանքերը:
Սերգեյ Լավրովն իր խոսքը սկսելուց առաջ նախ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ավանդական ջերմ ընդունելության համար` ասելով, որ Երևանում սքանչելի է: Նա նշեց, որ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ողջ բովանդակությունը, երկկողմ հարաբերությունները, ինտեգրացիոն հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը: Լավրովը նաև շնորհակալություն հայտնեց հայկական կողմին այն բարոյական աջակցության համար, որը ցուցաբերվեց Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
«Մենք զգում ենք մեր դաշնակից Հայաստանի ուսը, ինչպես այդ ողբերգական դեպքի ժամանակ, այնպես էլ բոլոր այն հարցերում, որոնք ծագում են մեր հարաբերությունների ընթացքում»,- ասաց Սերգեյ Լավրովը: Նա կարևորեց Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ, հատկապես` էներգետիկ բնագավառում, շեշտեց այս տարվա սեպտեմբերին սահմանին գազի գնի իջեցումը Հայաստանի համար:
Լավրովի խոսքով` նախարարները քննարկել են նաև սիրիական ճգնաժամը, մասնավորապես` Սիրիայում ապրող քրիստոնյաների վիճակը: «Վստահ եմ, որ մեր երկու երկրները հստակ կարող են հույսը դնել մեկը մյուսի վրա: Խոսքը տարածաշրջանային անվտանգության մասին է»,- ասաց Սերգեյ Լավրովը` հավելելով, որ իր գործընկերոջը` Էդվարդ Նալբանդյանին, աշխատանքային այցով հրավիրում է Մոսկվա:
Լրագրողները հարց ուղղեցին` ինչպե՞ս կմեկնաբանի Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Վենետիկում սեպտեմբերին կայացած հանդիպումները: Սերգեյ Լավրովը նախ նշեց, որ հեշտ չէր մեկ սեղանի շուրջ հավաքել այդ հարցով բոլոր խոշոր արտաքին խաղացողներին, որպեսզի դադարեցվի արյունահեղությունը Սիրիայում, հեշտ չէր ստիպել Սիրիայի իշխանություններին ու ընդդիմադիր ուժերին` բանակցել միմյանց հետ և ղեկավարվել իրենց երկրի, իրենց պետության և իրենց ժողովրդի շահերով ու ապագայով:
«Սիրիան մենք ցանկանում ենք տեսնել որպես միասնական, անկախ ու ինքնիշխան պետություն, որտեղ պահպանվել են պետական ինստիտուտները, որտեղ ապահովված է սիրիացի ժողովրդի կենսագործունեությունը, և որտեղ ապահովված են այնտեղ ապրող բոլոր ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները»,- ասաց Սերգեյ Լավրովը: