կարևոր
334 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-31 16:26
Աշխարհ

ՌԴ-ն և Ուկրաինան ավելի քան 150 ԱԹՍ են արձակել մեկը մյուսի տարածքի վրա

ՌԴ-ն և Ուկրաինան ավելի քան 150 ԱԹՍ են արձակել մեկը մյուսի տարածքի վրա

Ռուսաստանը գիշերը 102 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի տարածքի վրա, որոնցից 59 խոցվել են տարբեր մարզերի, այդ թվում՝ Կիևի երկնքում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ 

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել են Սումիի, Օդեսայի և Չերկասիի մարզերը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Ռուսաստանն արդեն երեք օր է՝ ԱԹՍ-ներով «անդադար ահաբեկում» է տարածաշրջանը։

«Հարձակման հետևանքով վնասվել է քաղաքային հիվանդանոցը, մասնավոր բնակելի շենք, վարչական շենք, հացահատիկի պահեստ և բեռնատարներ։ Չորս մարդ վիրավորվել է, նրանցից մեկը բժիշկ է, որը հակառակորդի հարվածների ժամանակ վիրահատություն էր անում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հունվարի 31-ի գիշերը տարբեր մարզերում ոչնչացվել է ուկրաինական 49 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ներ են խոցվել Ռոստովի, Յարոսլավի, Կուրսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կրասնոդարի, Վոլգոգրադի մարզերում։