կարևոր
5242 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-18 21:26
Հասարակություն

Արցախցիների կուտակային կենսաթոշակների համար պատասխանատվությունը ՀՀ պետական գերատեսչությունները մեկը մյուսի վրա է գցում

Արցախցիների կուտակային կենսաթոշակների համար պատասխանատվությունը ՀՀ պետական գերատեսչությունները մեկը մյուսի վրա է գցում

Արցախում 2019 թվականի հունիսից ներդրվել էր կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ որի գրանցված աշխատող քաղաքացու աշխատավարձի 5-10%-ը (կախված աշխատավարձի չափից) պետության և աշխատողի մասնակցությամբ ուղղվել է կենսաթոշակային ֆոնդ։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գրանցվել են օրենսդրական բացառություններ, որոնց դեպքում միայն հնարավոր կլինի կուտակումները հետ ստանալ՝ մինչև կենսաթոշակային տարիքը (63 տարեկանը) լրանալը։ Այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում երկրի սարսափելի ապագան։

2023թ․ Արցախի հայաթափումից և արցախցիների բռնի տեղահանումից հետո թեմայի շուրջ քննարկումները մեծացան։

Ամեն ինչ կորցրած արցախցիներից կխլե՞ն նաև նրանց վաստակած գումարները

2024 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարել է լրացում, որի համաձայն, արտակարգ հանգամանքներում կուտակային կենսաթոշակների ֆոնդում առկա գումարը տնօրինում է անհատը կամ մասնակիցը՝ իր ցանկությամբ: «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,- նշվում էր օրենքի փոփոխված դրույթում:

 

 

-Դրա մասին ծանուցվել է և՛ համապատասխան ֆոնդը, և՛ դեպոզիտարիան և՛ Կենտրոնական բանկը։ Գործընթացի ընթացքում նշված երեք կողմերից որևէ առարկություն չի եղել։ Ընդամենը մի բան է խնդրվել, որպեսզի ժամկետը սահմանենք 9 ամիս, քանի որ, ինչպես գիտենք, այդ գումարները տարբեր ֆինանսական գործընթացների մեջ են, և նրանք պետք է հասնցնեն պատրաստել գումարները, որպեսզի վերադարձնեն ժողովրդին,- ներկայացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ըստ էության, որոշվել է 9 ամիս ժամկետում այդ գումարները վերադարձնել կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն էլ 6 ամիս անց մեկ ուրիշ օրինագիծ է ընդունել

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ նեղ օրվա համար կուտակած գումարները իրենց նեղ օրը, այսինքն հիմա, կամ առհասարակ վերադարձնելու հարցը պետական շահագրգիռ գերատեսչությունները մեկը մյուսի վրա է գցում։

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության Մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ինգա Գալուստյանն ասաց, որ այդ հարցով, հավանաբար, զբաղվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մեր առարկությանը, որ այնտեղից էլ ուղղորդում են Ֆինանսների նախարարություն, Ինգա Գալուստյանը պատասխանեց․ կուտակային կենսաթոշակների  հարցը ՀՀ կենտրոնական բանկի տիրույթում է։ Կենտրոնական բանկ ուղղորդեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայություն կոորդինատոր Հայկ Կիրակոսյանին խնդրեցինք պատասխանել հետեւյալ հարցերին․

1. Արցախից բռնի տեղահանումից հետո արդյո՞ք պահպանվելու են արցախցիների կուտակած կենսաթոշակները։

2. Արդյո՞ք հնարավոր է, որ նրանք գումարը ստանան հիմա, ոչ թե թոշակի անցնելու տարիքից հետո։

3. Ի՞նչ գործողություններ պետք է անեն մարդիկ, որպեսզի չկորցնեն նախկինում կուտակածը։

Պատասխանը սա էր․ «Ի պատասխան Ձեր հարցմանը, հայտնում ենք, որ Կենտրոնական բանկը գործում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որի ներքո Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերում կամ գործընթացներում որոշումներ կայացնելու իրավասություններ չունի»:

Ի վերջո, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը որոշակի պատասխան տվեց։ Նա ասաց, որ 2019 թվականի հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կուտակային համակարգի համանմանությամբ: Դրա ներքո գործել է մեկ պահպանողական կենսաթոշակային ֆոնդ, որին ուղղվել են մասնակիցների օգտին կատարվող կուտակային հատկացումները և որը կառավարվում է լիցենզավորված կառավարող ընկերության կողմից:

«Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի ներքո ձևավորված կենսաթոշակային ֆոնդը շարունակում է կառավարվել տվյալ ֆոնդի կանոններին համապատասխան, սակայն առաջացած ֆորս մաժորային իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել ձևավորել հստակ իրավական հիմքեր՝ Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում մասնակցած անձանց կենսաթոշակային խնայողությունների կատարման ի սկզբանե սահմանված նպատակների սահուն իրագործումն ապահովելու համար: Ըստ այդմ, առաջացած խնդիրները կարգավորելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 13-ին ընդունվել է «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-259-Ն օրենքը։ Օրենքով սահմանվել է Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու մեխանիզմները: Նշված օրենքի կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխվելուց հետո Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձևավորված կենսաթոշակային խնայողություններին, որպես անձի անվամբ բացված կենսաթոշակային հաշվին առկա միջոցների, առնչվող հարաբերություններն ամբողջությամբ կկարգավորվեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»,-սա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական արձագանքն է։

Խնդրեցինք հստակեցնել՝ արդյո՞ք արցախցիները ժամանակից շուտ կարող են վերցնել գումարը։ Զառա Մանուչարյանը պատասխանեց՝ ընթացակարգերը հաստատվելուց հետո նոր այս հարցին կարող ենք անդրադառնալ։ Նա պարզաբանեց, որ խոսքը օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո սահմանվելիք ընթացակարգերի մասին է, բայց որեւէ ժամկետ չկարողացավ նշել։

Մի բան հստակ է՝ ի տարբերություն Արցախի ԱԺ ընդունած օրենքի, ՀՀ ԱԺ-ի ընդունած օրենսդրական փոփոխությունում չկա որեւէ ընթացակարգ, որով գումարը հնարավոր կլինի փոխանցել արցախցիների բանկային հաշիվներին, այլ կա միայն այդ գումարները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգում ինտեգրելու հնարավորություն։

Այդ գումարները պետք է վերադարձվեն Արցախում աշխատած բոլոր անձանց, քանի որ բռնի տեղահանությունից հետո այդ անձինք հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ

-Այդպես ավելի ճիշտ կլինի,-ասում է Նինա Մանասյանը։

 2023թ․ Արցախից բռնի տեղահանված Նինան մոտ 3 տարվա կուտակումներ ունի կենսաթոշակային համակարգում՝ ընդ որում համատեղությամբ աշխատել է 2 կառույցում։

-Բռնի տեղահանումից հետո ֆինանսական ծանր իրավիճակի մեջ հայտնված արցախցիներին ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը շատ չնչին է այդ խնդիրների հաղթահարման համար,-ասում է Ն․ Մանասյանը և հավելում, որ ինչ-ինչ պատճառներով արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվելու դիմումների մեծ մասը մերժվում են, և այս իրավիճակում կենսաթոշակային ֆոնդում եղած գումարների վերադարձը շահառուներին կարող է մեծ օգնություն և օժանդակություն լինել։

ՀՀ ԱԺ ընդունած օրենքով խախտվում է մարդու սեփականության իրավունքը

2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 66 «կողմ» ձայնով ընդունված «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում խախտվում է մարդու սեփականության իրավունքը՝ համոզված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

-Այս օրենքով պետությունը զրկում է ինձ իմ սեփականության իրավունքից, չի թողնում, որ ես որոշեմ դրա ճակատագիրը,- նշում է մարդու իրավունքների պաշտպանը և հավելում,- ի պաշտպանություն այդ որոշման, նրանք 2 հիմնավորում են բերում՝ դրանով նախադեպ է ստեղծվում ՀՀ այլ մարզերի բնակիչների համար, որ իրենք էլ պահանջեն այդ գումարները, ինչը աբսուրդ է, նախ որովհետև իրենք փախստական չեն և երկրորդ՝ արցախցիները երբևէ ՀՀ Կուտակային համակարգում չեն եղել, մենք գտնվում ենք այդ կուտակային համակարգից դուրս գտնվող համակարգում, այսպիսով, մեր և ՀՀ Կուտակային համակարգում գտնվողների պահանջը չի կարող հավասարեցված լինել։

 2-րդ հիմնավորումն էլ այն է, որ եթե հիմա կուտակած գումարը վերադարձվի՝ այդ մարդիկ կենսաթոշակային տարիքի հասնելու պարագայում չնչին կենսաթոշակ են ստանալու և սոցիալական բեռ են լինելու ՀՀ-ի համար, ինչը ևս անհեթեթ է ՄԻՊ-ի կարծիքով, քանի որ 1 անձի հաշվով միջինացված 500․000 դրամի մասին է խոսքը։

-Մեծ հաշվով, տվյալ անձի կենսաթոշակի անցնելու պարագայում շատ չնչին ազդեցություն կարող է ունենալ նրա արժանապատիվ կենսաթոշակի վրա։ Սակայն նրանց այն պնդումը, որ այդ գումարը նրանց հիմա է պետք, երբ նրանք զրկված են ապրուստից և եկամտի աղբյուրից, ավելի ռացիոնալ է,-ասում է Արցախի օմբուդսմենը։

Այս պահի դրությամբ սոցիալական ծանր վիճաակում հայտնված արցախցիների կենսաթոշակի գումարների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։

Իրինա Հայրապետյան

Աննա Բալյան

Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է:  Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: