Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեն և հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի օպերատորներն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների և հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ:
Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու տարբեր անձանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումները քրեական գործերով ի կատարումն դատարանների որոշումների վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու գործընթացի արդյունավետությունը: Օպերատորները նախկինում եւս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով, անհրաժեշտ տեղեկությունները, հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում երբեմն 1 ամիս կամ ավելի ժամկետում էին հասնում նախաքննական մարմնին` հանգեցնելով նախաքննության ժամկետների ձգձգմանը:
Նպատակ ունենալով հնարավորինս օպերատիվ և արդյունավետ կազմակերպել դատարանների որոշումներով անձանց տվյալների, նրանց կողմից օգտագործված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների վերծանումների տրամադրումը` կողմերը պայմանավորվել են ներդնել ավելի գործուն կառուցակարգեր` էլեկտրոնային ընթացակարգով:
ՀՀ քննչական կոմիտեն եւ օպերատորները հուշագրով հավաստել են իրենց պատրաստակամությունը` համատեղ միջոցառումներ իրականացնել՝ վերծանումների օպերատիվ ստացման, փոխանցման ուղղությամբ, զարգացնել տեխնիկական հնարավորությունների ներդրման հարցում փոխգործակցությունը:
Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն կապահովի «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից ներդրված և սպասարկվող էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով դատարանների որոշումները կապի օպերատորներին փոխանցելը:
Իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն կապահովեն սեղմ ժամկետում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժին, «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։ Ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել է նաև «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որը հուշագրին կմիանա առաջիկա օրերին:
Ծրագիրը նախապես փորձարկվել է Շիրակի մարզում, որի արդյունքների ամփոփումը հիմք է տալիս հավաստելու, որ էլեկտրոնային ծրագրի ներդրման դեպքում քրեական գործերով, դատարանների որոշման հիման վրա, վերծանումներն օպերատորներից ստացվում են բավական օպերատիվ՝ 1-4 օրվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ ստուգել առաջ քաշված վարկածները՝ խուսափելով անհարկի ձգձգումներից։