Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ էին այն առումով, որ իշխող կուսակցությունն այսքան մեծ առավելությամբ ընտրվեց. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Հունիսին՝ առաջին ահաբեկչությունից առաջ, քրդական շրջանակները նախատեսում էին, որ Էրդողանը կգնա այս քայլին, այսինքն` երկրում կստեղծի անապահովություն, ապակայունացման նախանշաններ կլինեն, և հասարակությանը կմղի իշխող կուսակցության ընտրությանը: Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումներն այնքան մեծ չափերի են հասել, որ ընտրությունները քննադատվել են եվրոպացի դիտորդների կողմից, և այն զարգացումները, որ ակնկալվում էին, կարող են նաև ստեղծել նոր խնդիրներ տարածաշրջանի համար»,- ասաց նա:
Ըստ Մանոյանի՝ Թուրքիայի իշխանությունների թիվ մեկ հարցն այսօր Սահմանադրությունը փոխելն է և կառավարման նախագահական մոդելը հաստատելը: «Համարյա սանձազերծ լիազորություններով նախագահական համակարգի մասին է խոսքը: Անկախ նրանից՝ կհաջողվի՞ դա, թե՞ ոչ, բայց այդպիսի արարքներ լինելու են: Էրդողանն ինքն է լինելու գլխավոր դերակատարը: Նրա քաղաքական վարքագիծը պարզ է՝ ոչ թե համախոհություն, այլ բևեռացում: Եթե դա արվում է ներքին ճակատում, կարվի նաև արտաքին ճակատում: Թուրքիայի նման վարքագիծը կարող է վտանգավոր լինել ողջ տարածաշրջանի համար»,- նշեց նա` հավելելով, որ դժվար թե Թուրքիան կարողանա իր արտաքին հարցերը կարգավորել:
«Նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու լավատեսության հիմք չկա»,- ասաց Մանոյանը: Ըստ նրա՝ առաջիկա չորս տարիներին հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի կողմից որևէ դրական տեղաշարժ չի լինի: «Թուրքիան ցանկության դեպքում կարող այդ հարցը լուծել, բայց չունի այդ ցանկությունը»,- ընդգծեց բանախոսը:
Անդրադառնալով Ադրբեջանում կայացած ընտրություններին` Մանոյանը նշեց. «Ադրբեջանի չընտրություններին նույնիսկ եվրոպական կառույցները մերժեցին դիտորդ ուղարկել: Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ գնացին, բայց պարզ է` որքան խավիար կերան նրանք»:
Մանոյանն անդրադարձավ նաև ՌԴ որդեգրած քաղաքականությանը: «Չեմ կարծում, որ ՌԴ պահվածքը սկզբունքային էր, սա տակտիկական և սիրաշահելու քայլ էր ավելի շատ: Չեմ կարծում, որ սա Թուրքիա-Ադրբեջան տանդեմին ի նպաստ կլինի: Ռուսաստանը միշտ էլ սիրաշահելու է Ադրբեջանին ու Թուրքիային, բայց պետք չէ այստեղ տեսնել ռազմավարական փոփոխություն: Պետք չէ այս քայլերի մեջ վտանգ տեսնել: Բայց եթե երկար շարունակվի այս տակտիկան, դա արդեն կարող է մտահոգիչ դառնալ»,- ասաց նա: