Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի ելույթներից պարզ է դառնում, որ բանակցային գործընթացը հետ ընկավ. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Ադրբեջանը ձախողվեց ռազմաճակատում, բայց այն, որ ուզում էր` բանակցությունները տապալվեն, հաջողվեց: Ադրբեջանն ուզում է ասել, որ 94 թվականի պայմանագիրը չէ ուժի մեջ, այլ նոր` բանավոր ձեռք բերված պայմանավորվածությունը: Ադրբեջանը փորձում է կռիվներից հետո ԼՂՀ-ին դուրս մղել բանակցություններից:
Երկրորդ կարևոր հարցն այն է, որ ադրբեջանցիները դժգոհ են բանակցային գործընթացից: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը նա մշտապես այլ կերպ է մեկնաբանում` փորձելով այս կռիվներով տապալել բանակցությունները: Ադրբեջանը պետք է բավարարված զգա, որ հաջողել է բանակցություններից հեռացման հարցում»,- ասաց Մանոյանը և հավելեց, որ խաղաղ կարգավորում կարող է լինել նաև այն դեպքում, երբ միջազգային հանրությունը ասի, որ ճանաչում է ԼՂՀ անկախությունը:
«Վաղը, մեկ ամսից կամ էլ մոտ ապագայում բանակցություններ չեն կարող տեղի ունենալ: Դա նրանից չէ, որ մենք վատ դիվանագիտություն ենք վարել: Եթե մենք այս պարագայում էլ ճիշտ քաղաքականություն վարենք, այս ամենը դուրս կգա Ադրբեջանի դեմ»,- նշեց Մանոյանը:
Նա նշեց նաև` երբ 2006 թվականին մշակվում էր ԼՂՀ-ի Սահմանադրությունը, ՀՅԴ-ն առաջարկեց, որ ԼՂՀ-ի սահմաններն առավել մեծ տարածքներ ընդգրկեն: «Այսինքն` այն տարածքները, որոնք Ադրբեջանի կողմից գրավված են, դա էլ ներառվի, խոսքը Շահումյանի և այլ շրջանների մասին է: Այդ կետը, սակայն, չներառվեց ԼՂՀ Սահմանադրության մեջ»,- ասաց Մանոյանը:
Նա հավելեց, որ մեր պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ տարածքների հանձնման մասին խոսք չկա:
«Կարծում եմ `մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ պետք է լինեն ինստիտուցիոնալ մակարդակով, այլ ոչ թե ղեկավար անհատների միջև: Ինչքան մեր շահերից է բխում ռազմավարական գործընկերներ լինելը, նույնքան էլ` հակառակը: Մենք պետք է վարվենք այնպես, որ Ռուսաստանը ստիպված լինի իր պարտականությունները կատարել»,- ասաց Մանոյանը:
Կիրո Մանոյանը նշեց նաև, որ Հայաստանի`ԵՏՄ-ից դուրս գալն անլրջություն կլինի: «Մենք պետք է հետապնդենք, որ յուրաքանչյուրն իր պարտականությունը կատարի: Այնտեղ մեր երազած գործընկերները չեն, բայց պետք է շարունակել աշխատել, հատկապես` որ ինքը` միությունը ,երիտասարդ է»,- ասաց նա, ապա հավելեց. «Ապրիլի սկզբին չորսօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը բավական շատ օգտագործեց նաև այն զինատեսակները, որոնք գնել էր Ռուսաստանից: Կարծում եմ` այստեղ նույնպես անելիք ունենք»: