կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-04 11:57
Իրավական

Դատախազն անակնկալի է եկել՝ պարզելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ազատության մեջ է

Դատախազն անակնկալի է եկել՝ պարզելով,  որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ազատության մեջ է

Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող` ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական դատական նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Արիս Բարսեղյանն անակնկալի է եկել, երբ պարզել է, որ գործով մեղադրյալներից մեկն ազատ է արձակվել:

Դատախազը դատավորից հետաքրքրվել է, թե ի՞նչ հիմքերով է մեղադրյալն ազատ արձակվել, դատավորն էլ պատասխանել է, որ դատախազին նիստի օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցել են, և եթե ներկայանար՝ կիմանար:

Պարզվում է` մեղադրող դատախազը, ով նախորդ դատական նիստին չէր ներկայացել, տեղյակ չէ, որ մեկ շաբաթ առաջ նույն դատարանի դատավորի որոշմամբ՝ գործով մեղադրյալ՝ ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նշենք, որ այդ մասին անգամ yerkir.am-ն էր գրել:

Հիշեցնենք, որ Եգանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Նա կալանքի տակ էր այս տարվա հունիսից և մեղադրվում էր Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետի և նրա որդու դեմ կատարված «մահափորձը» թաքցնելու համար: Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Այդինյանը (այն ժամանակ զբաղեցրել է Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը) դեռևս գտնվում է կալանքի տակ:

Երեկվա դատական նիստում Այդինյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել է արագացված դատական կարգ կիրառել: Դատախազը չի առարկել: Դատավորի որոշումը կհրապարակվի այսօր: