կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 18:06
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորը եւս անակնկալի է եկել սպառած գազի վարձավճարի չափից

ԲՀԿ-ական պատգամավորը եւս անակնկալի է եկել սպառած գազի վարձավճարի չափից

Այսօր առավոտյան ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, փոստային բաժանմունքում իմանալով իրենց ընտանիքի` դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերի չափի մասին, հայտնվել է նույն հոգեբանական վիճակում, ինչպես բազմաթիվ քաղաքացիներ: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ հաշիվները, անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, կրկնակի են եղել, և միայն գազի համար պետք է վճարի 68 հազար դրամ:

 

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` եթե ինքը, ստանալով պատգամավորի աշխատավարձ, որը երկրում համարվում է հարաբերականորեն բարձր, անակնկալի է եկել, ստանալով այդ հաշիվները, ապա հասկանալի է, թե ինչ են զգում ցածր աշխատավարձ ստացող մարդիկ: Նա նշեց, որ իր հետ փոստային բաժանմունքում կանգնած տասնյակ մարդիկ շվարած, այլայլված կանգնած էին` որպես գույժ ընկալելով իրենց կոմունալ ծախսերի հաշիվները:

 

«Նրանք չգիտեին` ինչ անել, գուցե մաս-մաս վճարեն: Անգամ մի տղա առաջարկեց համազգային բոյկոտ անել ու ընդհանրապես չվճարել: Հոգնել ենք ասելուց, որ այսպես չի կարող շարունակվել: Սա այլևս վերջն է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հասարակությանն անհրաժեշտ է համախմբում: Եթե հասարակությունը ոտքի չկանգնի, այդպես էլ շարունակելու են հարվածել: Ըստ պատգամավորի` ժողովուրդը թիկունքից հերթական հարվածը ստանալու է փետրվարի 1-ին, երբ հունվարի աշխատավարձերը շոշափելիորեն ցածր կլինեն` պարտադիր կենսաթոշակային օրենքի կիրառման արդյունքում: «Ժողովուրդը կտեսնի, որ կառավարությունը ջեբկիրությամբ է զբաղվել ու «կուտակային բլեֆ» օպերացիայի համար որքան գումար է գողացել իրենց գրպանից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նա նշեց, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է միավորվեն ու անհապաղ քայլեր ձեռնարկեն, այլապես կմնան նույն անտանելի շրջապտույտի մեջ: «Ժողովուրդը չպետք է լուռ, հնազանդ համակերպվի, ասի` դե լավ, ոչինչ, ու սպասի հերթական տրանսֆերտի իր բաժնին կամ փորձի ելք գտնել` արտագաղթելով»,- ասաց պատգամավորը: