կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 19:39
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորն անակնկալի է եկել. 200 մլն դոլարանոց վարկն ուշանում է

ՀՀԿ-ական պատգամավորն անակնկալի է եկել. 200 մլն դոլարանոց վարկն ուշանում է

Հայաստանը պետք է 200 մլն դոլար վարկ ստանար Ռուսաստանից՝ սպառազինություն, մասնավորապես` անօդաչուների դեմ պայքարելու նպատակով սարքավորումներ ստանալու համար:Սակայն վարկը, անհասկանալի պատճառներով ուշացել է: Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ  ֆինանսա-վարկային հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը նշեց, որ վարկի ուշացման մասին բոլորովին վերջերս են տեղեկացել, զարմացել են, որովհետև այդ վարկային համաձայնագիրը վավերացրել են մեկ տարի առաջ:

«Անկեղծ ասած, ես կարծում էի, որ վարկային համաձայնագիրը արդեն գործում է, որովհետև այն ուներ սպառազինությունների շատ կարևոր ցանկ, որոնք մեր պաշտպանունակության զարգացման գործում էական դեր կարող էին ունենալ: Այնպես որ ինձ համար անակնկալ էր, որ այդ հարցը քննարկվեց օրեր առաջ ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպման ժամանակ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Հարցին, թե արդյո՞ք միտում է տեսնում վարկը ուշացնելու գործում, պատգամավորը նշեց, որ չի ցանկանում եզրակացություններ անել, բայց փաստերը հուշում են այն մասին, որ եթե ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը ժամանակ է գտնում` Բաքու գնալու ու բանակցելու ադրբեջանցիների հետ հերթական զինամթերքի խմբաքանակի  տրամադրման շուրջ, ուրեմն կարելի էր նման հետևողականություն դրսևորել ռազմավարական գործընկեր Հայաստանին սպառազինություններ տրամադրելու հարցում:

Պատգամավորը չի հասկանում, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված, ասում է, որ այն չի ուղղվելու Հայաստանի դեմ: Բա էլ ինչու՞ է ձեռք բերում Ադրբեջանը այդ զենքերը, կամ էլ ու՞մ դեմ պետք է դրանք ուղղվեին, իհարկե միանշանակ Հայաստանի դեմ՝ Արցախը գրավելու նպատակով: Հայաստանը Ռուսաստանից պետք է պահանջի հաշվի առնել իր շահերը, քանի որ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի դաշնակիցն է ու ռազմաստրատեգիական գործընկերը, այլ նաև ՀԱՊԿ անդամ, ԵԱՀԿ ՄԽ անդամ: Եվ սպառազինությունների ուժեղացման ճանապարհով կարգավորման գնալը ամենահեռանկարայինը չէ, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի: