կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 18:40
Առանց Կատեգորիա

Ղարաբաղյան ապտակ, կամ ինչու է անակնկալի եկել Ուորլիքը

Ղարաբաղյան ապտակ, կամ ինչու է անակնկալի եկել Ուորլիքը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, կրկնելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը» անվերապահ պայման է և կարգավորման բաղադրիչներից մեկը: Բայց Մորնինգսթարն ավելի հեռուն է գնացել` հավելելով, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կհստակեցվի հետագա բանակցություններում: Կարելի է կարծել, թե Մորնինգսթարը չի տիրապետում ղարաբաղյան կարգավորման բանակցային պրոցեսի մանրամասներին և մասնավորապես` Մադրիդյան սկզբունքներին:

 

Այնտեղ խոսվում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հետագա բանակցություններով, այլ ինչ-որ պահի, թերևս, կարգավորման ողջ պրոցեսի ամենավերջում, այդ կարգավիճակն, այսպես կոչված, պլեբիսցիտի միջոցով որոշելու մասին: Բայց քանի որ հակամարտող կողմ հանդիսացող երկրում ԱՄՆ դեսպանը չի կարող այդքան ոչ կոմպետենտ լինել, մնում է եզրակացնել, որ նա այս միտքը խաղարկում է միտումնավոր` հստակ ցույց տալով, որ ինքնորոշում, որպես այդպիսին, չի լինելու` առհասարակ, ԼՂ-ի համար որոշել են միջանկյալ կարգավիճակ և այդ միջանկյալությունը, բովանդակային առումով, լինելու է հենց վերջնականը:

 

Բայց ղարաբաղցիները նման կարգավիճակ չեն ուզում: Նրանք դա շատ պարզ հասկացրին տարածաշրջանային հերթական այցի շրջանակում Ստեփանակերտ ժամանած Մինսկի խմբի համանախագահներին` փակելով նրանց ճանապարհը Քաշաթաղում և բացատրություններ պահանջելով տարածքներ հանձնելու մասին նրանց հայտարարությունների համար: Դժվար է ասել` այդ ակցիան կազմակերպվա՞ծ էր Երևանի կամ Ստեփանակերտի կողմից, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ ԼՂ-ն խորը քնից, կարծես, արթնանում է` պարտադրելով հաշվի նստել իր ներկայության և իր պահանջների հետ:

 

Ուորլիքն այսօր, անդրադառնալով Քաշաթաղի բնակչության այդ ակցիային, նշել է, թե իր համար դա անակնկալ էր: Եվ դա զարմանալի չէ, որովհետև մինչև հիմա համանախագահներն առաջնորդվել են այն մտայնությամբ, որ Ստեփանակերտն ամբողջությամբ կիսում է Մադրիդյան սկզբունքներն ընդունելի համարելու մասին` Հայաստանի դիրքորոշումը: Արցախցիները, փաստորեն, հիմա հասկացնում են, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Եվ դա անում են շատ հետաքրքիր եղանակով:

 

Համանախագահներն Արցախ են այցելել` բոլորովին էլ ոչ ԼՂ-ի` իրենց բնորոշմամբ «փաստացի ղեկավարության» հետ ինչ-որ հարցերի շուրջ բանակցելու: Ուորլիքի այն հայտարարությունից հետո, թե իրենք հակամարտության միայն երկու կողմ են ճանաչում` Ադրբեջանը և Հայաստանը, իսկ ԼՂ բնակչությունը և ադրբեջանցի փախստականներն ընդամենը հակամարտության զոհեր են, այդ բացատրություններով այցերն այլևս ձևական, պրոտոկոլային նշանակություն են ստանում: Նրանք մեկնել էին Արցախ` պաշտոնական Բաքվի խնդրանքով կամ պահանջով:

 

Իրական նպատակն էր ստուգել, թե որքանով են ճիշտ Բաքվի այն պնդումները, որ իրենց նախկին վարչական շրջաններում, ավելի կոնկրետ` ներկայիս Լաչինում և Քարվաճառում, վերջին շրջանում հայկական կողմը հիմնականում բռնագաղթած սիրիահայերի միջոցով, ակտիվ վերաբնակեցման քաղաքականություն է իրականացնում: Եվ ահա Քաշաթաղում, փակելով համանախագահների ճանապարհը, այդ տարածքի բնակչությունը, փաստորեն, ոչ միայն հաստատում է այդ պնդումը, այլև ներկայանում որպես գործոն, որն ամենամեծ ցանկության դեպքում անգամ այլևս հնարավոր չէ անտեսել:

 

Սա իսկապես աննախադեպ երևույթ է: Ադրբեջանի նմանատիպ նախորդ նախաձեռնությունների ժամանակ հայկական կողմն ամեն ինչ անում էր` տարածաշրջան այցելած դիտորդական առաքելություններին այդ տարածքները հնարավորինս ամայի ու անմարդաբնակ ներկայացնելու համար: Համանախագահները բազմիցս են պնդել, և Ուորլիքն էլ իր վերջին ելույթում կրկնեց, որ հակամարտության պատմությունն այլևս էական չէ: Այսինքն` միջազգային հանրության այլևս չի հետաքրքրում` թե ինչից սկսվեց հակամարտությունը, ով էր պատասխանատու դրա համար և հատկապես ինչ հանգուցալուծում արձանագվեց մինչև հրադադարի եռակողմ պայմանագրի ստորագրումը: Հիմա, ըստ նրանց, միակ խնդիրը հակամարտության և դրա հետևանքների վերացումն է: Տեսանկյուն, որն ամբողջությամբ համապատասխանում է ադրբեջանական քաղաքական ուղեգծին և, իբրև այդպիսին, բնականորեն չի կարող բավարարել հայկական կողմին:

 

Բայց եթե խնդիրն արդեն պետք է դիտարկել հետևանքների դաշտում, ապա նախկին ԼՂԻՄ-ին հարակից և ներկայիս ԼՂՀ-ի մասը հանդիսացող 7 շրջաններում հաստատված բնակչությունը և դրանց թվի մեծացումը ևս հետևանքներ են, որոնք, ուրեմն, հնարավոր չէ հաշվի չառնել: Որովհետև երբ մարդիկ սկսում են խոսել այդ տարածքները ոչնչի դիմաց վերադարձնելու անհրաժեշտության մասին, ստիպված են հաշվի առնել, որ դրա արդյունքում ի հայտ է գալու նոր ներքին փախստականների, ներքին տեղահանվածների հարց` այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ համակեցությունը հայերի նկատմամբ ատելությամբ լցված ու կացինը բարձի տակ պահող հարևանների հետ: Սա այն հարցն է, որը բացարձակապես դուրս է Հայաստանի կոմպետենցիայի: Ո'չ այդ տարածքները, ո'չ էլ, բնականաբար, այդ տարածքներից պոտենցիալ փախստականները նրանը չեն, այլ ԼՂՀ-ինը: Հետևաբար, եթե կա տարածքի խնդիր, ապա այն պետք է քննարկել միայն ԼՂՀ-ի հետ:

 

Այս ուղերձը համանախագահների` Հայաստան կատարած այցի ժամանակ պաշտոնական Երևանը կրկին չհղեց: Մինչդեռ արցախցիների ռեակցիան պարզորոշ ցույց տվեց, որ այնտեղ իրական վտանգ են տեսնում, և որ մոտենում է սկզբունքային այն կետը, որտեղ պետք է վերջնականապես որոշվի` արդյոք ԼՂՀ-ն ընդգրկվո՞ւմ է բանակցություններում, թե՞ Հայաստանը շարունակում է նույն քաղաքականությունը և դրանով լեգիտիմացնում իր վրա դրվող` ագրեսորի պիտակավորումը: Այս փուլում պետք է պարզորոշ խոսի պաշտոնական Ստեփանակերտը: Ի վերջո, այնտեղ պետք է որոշվի` որևէ մեկը, այդ թվում` Հայաստանը, կարո՞ղ է իր անունից բանակցություններ վարել, թե՞ ոչ, և առհասարակ` իմաստ ունի՞ հետայսու շարունակել բանակցությունները, թե՞ ոչ: Ստեփանակերտը, սակայն, ի տարբերությունը իր բնակչության, առայժմ քնից արթնանալ չի ցանկանում:

 

Գևորգ Դարբինյան