կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 17:55
Հասարակություն

Բռնաբարությունից խուսափելու համար հայ կանայք ինքնակամ նետվում էին գետը

Բռնաբարությունից խուսափելու համար հայ կանայք ինքնակամ նետվում էին գետը

Աղբյուրը՝ armeniangenocide100

Համբարձում քահանա Հարությունյանի վկայությունը

Կարին, Վարդուկ գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Համբարձում քահանա Հարությունյանը պատմել է Կարինի գավառի Դերջան գավառակի Վարդուկ գյուղի բնակչության տեղահանության և կոտորածների մասին: Այս շրջանի տեղահանությունը սկսվել է հունիսի 4-ին: Թուրքերը նախ արական սեռի բոլոր ներկայացուցիչներին են կոտորել, իսկ կանանց և երեխաներին քշել Եփրատի վտակներից մեկի կողմը: Կամուրջի մոտ սկսվել է անբացատրելի բռնաբարությունն ու դաժանությունը: Հայ կանայք, չդիմանալով այս ամենին, կամավոր նետվում են գետը: Մի քանի ժամ անց ամեն բան ավարտվել էր ու կուլ գնացել Եփրատի ջրերին:

 

1914 թուի եվրոպական պատերազմէն անմիջապէս յետոյ սկսաւ Թուրքիոյ ընդհանուր զօրակոչը որուն հետ և մեր Դերջանի շրջանինը:

 

20-45 տարեկանները անմիջապէս զօրակոչին պիտի պատասխանեն, անսաստողները կ՚ենթարկուին ծայրայեղ պատժի, նրանց տուները և տեղերը կրակի կը տրուին, ստացուածքը յարքունիս կը գրաւուի և երախաները կը թափուին փողոցը:

 

Մեր շրջանին տեղահանութիւնը սկսուեց յունիսի 4-ին: Նախ արու ազգաբնակչութիւնը տեղին վրայ կոտորուեց տեղացի թուրքերու և ժանտարմներուն ձեռամբ, իսկ կանայք և երախաները տեղահանուէցին և քշուեցին դէպի Կէօթիւր գիւղը, որտեղ կայ համանուն կամուրջը Եփրատի մէկ ճիւղին վրայ, որը կը կոչուի Սև ջուր: Երբ տեղահանուածները կը հասնէին այդ կամուրջը, նոյն պահուն հակառակ կողմէն կու գան ճակատ գացող զինուորներ և Բասենէն, Ալաշկերտէն փախչող թուրք գաղթականները: Կը սկսուի անբացատրելի բռնաբարութիւն: Հայ կինը, գիտակից իր պատուին, չհանդուրժելով այդ անպատուութեանց, կը սկսի թափուիլ գետը կամովին: Չանցած մի քանի ժամ՝ արդէն ամէն բան վերջացած էր և կուլ գնացած Եփրատին:

 

Երբ ժողովուրդը տեղահանուեց և արուները կոտորուեցին, ես ինքզինքս թաքցրի և ապաստանեցայ դիմացի լեռը՝ քարայրի մը մէջ: Երկու օր ու գիշեր մնացի այդ ծակին մէջ ծարաւ ու անօթի: Չդիմանալով անօթութեան, գիշերը վար իջայ և գացի գիւղ: Մեր ընտանիքը տակաւին քշուած չէր և թուրքի մը տուն տարուած էին՝ կողոպտելու նպատակաւ, որմէ յետոյ պիտի քշուէին: Գացի ընտանիքիս մօտ, կանացի շորեր հագայ և հաց ու աման մը ջուր վերցրի, դարձայ նորէն քարայրը և մնացի 40 օր այդ նեղ քարայրին մէջ: Այդ 40 օրուան ընթացքին գիշերները երբեմն դուրս կու գայի: Քարայրին մօտ հովիւ մը կար, որ միշտ գիշերները այնտեղ կը պահէր իր հօտը: Հաց ու ջուր կառնէի նրանից: 40 օրից յետոյ մեր գիւղի թուրքերը իմացան, որ ես քարայրն եմ, ուզեցին գալ զիս սպաննել: Հովիւը ինծի լուր տուաւ և ես գիշերով գացի մեր գիւղից մէկ ժամ հեռաւորութեան վրայ՝ Քիլիսէ գոմ ըսուած գիւղի Թամոյի տղայ Հասան չաւուշի մօտ, բարեկամ քուրդ մը: 40 օր ալ այնտեղ մնացի: Նորէն իմացան մեր գիւղացի թուրքերը: Անկէ փախայ սարերը: 20 օր մնալէ յետոյ՝ վերադարձայ նոյն տեղը: Մէկ-երկու օր յետոյ մեր գիւղի կոչնօր Խալլօն և 4 ժանտարմ եկան և, յանկարծակիի բերելով՝ բռնեցին մեզ: Այդ ատեն ինծի հետ կային գիւղի միւս քահանային 2 որդիները և տարան Մամախաթուն` գայմագամին մօտ: Մի գիշեր մնալէ յետոյ քննութեան կանչեցին գայմագամին մօտ: Գայմագամը, լինելով մի բարեխիղճ մարդ, հրամայեց մեզի մտնել աշխատաւոր զինուորների մէջ:

Աշխատանքին չդիմանալով` հիւանդացայ, կտրեցին տրուած օրական մի կտոր հացը: Մնացի թշուառ և անօթի: Այդ օրերը եկաւ Չեր գիւղի գիւղացի Սէրքոյի Իսմայիլը և 10 աշխատաւոր խնդրեց կառավարութիւնից: Գայմագամը ինձ նման աշխատանքի անպէտքացածներից 10 հոգի զատեց և տուաւ մարդուն` դաշտային աշխատանքի համար: 10 օր այնտեղ աշխատելէ յետոյ, բացի ինձմէն, միւսները ամէնքն ալ փախչեցան:

 

Ամիսներ յետոյ գնաց տեղւոյն գայմագամը և նրա տեղապահ նշանակուեց տեղւոյն չէթէյապետ ոստիկանապետը: Նա սպառնաց ինձ պահող քիւրտ աղային, որ եթէ ինձ չյանձնէ` նրա տունը կրակի կու տայ: Նոյն օրը քիւրտը ինձ թաքցրեց, խուզարկութիւն կատարեցին և չկրցին գտնել: Այդպէս քանի մը անգամ խուզարկութիւն կատարուեց, բայց անօգուտ: Ինձմէ զատ նոյն տեղը ապաստանածներ կան՝ քանի մը կնիկներ և տղաներ: Նորէն գրած էին գազան փոլիս միւտիրին և նա այս անգամ կանչեց մեզ պահող քիւրտին և սպառնաց, որ եթէ այս անգամ խուզարկէ և գտնէ՝ ամրողջ տունը մեզի հետ սուրի պիտի քաշէ: Քիւրտը, յուսահատուած, խնդրեց, որ հեռանանք, սակայն մենք մերժեցինք՝ գիտենալով, որ անկէ հեռանալը մահ է մեզ համար: Խնդրեցինք, որ մեզ թոյլ տայ ծակ մը բանանք ախոռի մսուրների տակից դէպի յարդանոցը, որտեղ ամբողջութեամբ յարդով լեցուն էր: Այդ յարդանոցի յարդին մէջ մնացինք ութը օր, օրական 3 անգամ մեզ ուտելիք կղրկէր: Նոյն օրերը առաջացաւ ռուսական բանակը և մարտի 2-ին 1916-ին արդէն մենք ազատուեցինք: Թուրքերը քաշուած էին դէպի Երզնկա:

 

1916 թ.

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 460, թթ. 1-7, բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 106-108: