| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բաթրայի վկայությունը
1906 թ., Դեյր Էլ Զոր
Սիրիայից արաբ բեդուին` անապատական Բաթրան նշում է, որ 1915-ին ինը տարեկան էր և լավ է հիշում` ինչպես էին հայ աքսորականների քարավաններն իրար հետևից ուժասպառ հասնում Դեր Զոր: Նա պատմում է, թե ինչպես էին թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում, իսկ ողջ մնացած կանայք ստիպված ամուսնանում էին արաբ անապատական շեյխերի և գյուղապետերի հետ:
«Ես 93 տարեկան արաբ անապատական կին մըն եմ: 1915 թ. ինը տարեկան էի և լավ կհիշեմ, թե ինչպես հայ աքսորականների կարավաններն իրար ետևից ուժասպառ հասնում էին Դեր Զոր: Նրանք տանջված էին, սոված, ծարավ, ցնցոտիների մեջ ու ոտաբոբիկ: Նրանք եկան և հավաքվեցին Դեր Զորի կամուրջի մոտ: Մենք տեսնում էինք, թե ինչպես թուրք ժանդարմներն ու չեչենները նրանցից շատերին սպանում էին: Ողջ մնացած կանայք ստիպված ամուսնացան մեր արաբ անապատական շեյխերի և գյուղապետերի հետ: Նրանք դարձան ընտանիքի լավ մայրեր: Նրանց մեծ մասը հավատափոխ եղավ, իսկ ոմանք` ոչ: Մենք հիացած էինք հայ կանանց գեղեցկությամբ: Նրանք սքանչելի աչքեր ունեին: Բացի այդ, նրանք հավասարակշռված էին, հնազանդ ու պատվավոր: Նրանք երբեք չմուրացին:
Թուրքերը հայերին ցրեցին սիրիական անապատները, իսկ արաբները, մեղքանալով նրանց, հավաքեցին»:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 306, էջ 517-518:
Աղբյուրը՝ armeniangenocide100