կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 16:30
Տնտեսական

Կառավարությունը պետք է բացահայտի՝ ի՞նչ պայմաններով է հերթական անգամ ավելացնում պետական պարտքը. Սուրեն Պարսյան

Կառավարությունը պետք է բացահայտի՝ ի՞նչ պայմաններով է հերթական անգամ ավելացնում պետական պարտքը. Սուրեն Պարսյան

Հայաստանի կառավարությունը պարտավոր է հրապարակել, թե «կամավոր–պարտադիր» ի՞նչ պայմաններով է նման խոշոր վարկային աջակցություն ստանալու Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ԱՄՀ գործադիր խորհրդի որոշմանը, որով նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար COVID-19-ի դեմ պայքարի նպատակով։

Տնտեսագետը հիշեցրեց, որ ԱՄՀ–ն «աջակցության», սակայն իրականում վարկային նմանօրինակ փաթեթներ է տրամադրել նաև նախկինում, որոնց դեպքում վարկային տոկոսադրույքը հիմնականում կազմել է 2-3 %։

«ԱՄՀ–ն «աջակցության» համաձայնագրերով պարտադրում էր Հայաստանին ազատականացնել շուկաները, ապահովել ցածր բյուջետային դեֆիցիտ, զսպել երկրում աշխատավարձերի և թոշակների բարձրացումը և այլն, այդ կերպ, ըստ էության, կառավարելով Հայաստանի տնտեսական քաղաքականությունը»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝  այս եղանակով ԱՄՀ–ն գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում (Արգենտինա, Հարավային Կորեա, Ալբանիա և այլն)՝ «վարկային ասեղի» վրա նստեցնելով տնտեսապես թույլ երկրներին, որոնք ստիպված են լինում հետագայում էժան գներով վաճառել պետական գույքը, ընդերքը և ազգային հարստությունները։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր իշխանությունները պետք է բացահայտեն այս վարկի ստացման «գինը», և որ ամենակարևորն է, հստակ ներկայացնեն, թե այս գումարները կոնկրետ ի՞նչ ուղղություներով են ծախսվելու։ ԱՄՀ–ն իր հայտարարության մեջ նշել է, որ միջոցները պետք է ուղղվեն կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային եւ տնտեսական հետևանքներին դիմակայելուն, մինչդեռ սրա տակ կարող ենք հասկանալ ամեն ինչ, նույնիսկ պետական պաշտոնյաների պարգևատրումները»,–ասաց տնտեսագետը։

Նա, միաժամանակ, նկատեց, որ ԱՀԿ–ն վարկային միջոցները տրամադրելու է փուլ առ փուլ, ստուգելով՝ արդյոք Հայաստանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները, թե՞ ոչ։

Անդրադառնալով պետական պարտքի ավելացմանը, Սուրեն Պարսյանը նկատեց, որ դա կանխատեսելի էր. «Գործող իշխանությունները կանխատեսում են, որ այս տարի Հայաստանում 2 % տնտեսական անկում կգրանցվի, իսկ նույն ԱՄՀ-ն՝ 1,5% անկում է նախատեսել. այս իրավիճակում տրամաբանական էր պետական բյուջե հարկային մուտքերի նվազումը, որը տարբեր հաշվարկներով այս տարի կկազմի շուրջ 169 մլրդ դրամ։ ԱՀԿ–ի կողմից տրամադրվելիք վարկը կոչված է լրացնելու այս բացը»։

Տնտեսագետի գնահատմամբ, կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար գործող իշխանությունները որևէ ջանք չներդրեցին բյուջետային ծախսերը վերանայելու ուղղությամբ։

«Կառավարությունը չվերացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գումարների շուրջ 70 մլրդ  դրամի  հատկացումները, չվերացրեց պարգևատրումների ֆոնդերը, իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքնրը մեղմելու համար կառավարության աջակցության ծրագրերից շատերը փոշիացրեցին շուրջ 140 մլն դոլար՝ այդպես էլ չլուծելով մարդկանց սոցիալական խնդիրները»,–նշեց Սուրեն Պարսյանը։