կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 15:36
Քաղաքական

Գործող Սահմանադրությունը չի հռչակում իրավունքի գերակայություն. ՀՅԴ-ն դրական գնահատեց ՄԻՊ զեկույցը

Գործող Սահմանադրությունը չի հռչակում իրավունքի գերակայություն. ՀՅԴ-ն դրական գնահատեց ՄԻՊ զեկույցը

ԱԺ-ում շարունակվում է ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումը, որն աչքի ընկավ նրանով, որ ելույթ ունեցող գրեթե բոլոր ՀՀԿ-ականները խիստ քննադատության ենթարկեցին Կարեն Անդրեասյանին, որոշ ելույթներում նրան անգամ հեգնեցին ու ծաղրեցին:

Իր ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՄԻՊ տարեկան զեկույցը մեծածավալ փաստաթուղթ է, դրանում ընդգրկված բոլոր նյութերը վերաբերում են մարդու իրավունքների խախտմանը, և այդ տեսակետից զեկույցը ողջունելի է:

«Քննադատությունը լավ բան է, բայց քննադատելուց առաջ պետք է իմ գործընկերներին ասել, որ ՄԻՊ-ից բան պահանջելուց առաջ պետք է նայել, թե ինչ մանդատ ունի նա: Թող բացեն, կարդան գործող Սահմանադրությունը և ՄԻՊ մասին օրենքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ այս երեք օրերի քննարկման արդյունքում հիմքերի հիմքին անդրադարձ այդպես էլ չեղավ, իսկ հիմքերի հիմքը իրավունքի գերակայությունն է, որովհետև գործող Սահմանադրությունն այն չի հռչակում իրավունքի գերակայություն:

Ըստ պատգամավորի՝ պետք է խոսվեր Մայր օրենքի փոփոխության մասին, և մարդու իրավունքների պաշտպան պետք է լինի ոչ միայն ՄԻՊ-ը, այլև բոլոր պատգամավորները, բոլոր պետական մարմինները, բոլոր հանրային ծառայողները: Սակայն այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը չի տալիս: Գործող Սահմանադրությունը նաև հնարավորություն չի տալիս, որ խորհրդարանը վերահսկողական դեր ունենա, մինչդեռ՝ սահմանադրական փոփոխություններով հատուկ ամրագրվում է խորհրդարանի վերահսկողական դերակատարությունը, փոխվում է ՄԻՊ մանդատը:

«Կուրծք ծեծող իմ գործընկերներին կարող եմ ասել, որ ինքներդ եք թերանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ պետք է զարգացնել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Նա նշեց, որ այսօր թերանում են բոլորը, և դրա հիմքում սահմանադրական թերի կարգավորումներն են, որովհետև գործող Սահմանադրությունը չունի մեխանիզմներ՝ պարտադրելու, թե ինչպես պետք է գործեն պետական ինստիտուտները:

«Գործող Սահմանադրությունն ինքնաբավ չէ, դրանից են գալիս մեր այսօրվա խնդիրները, ամեն ինչը գալիս, հանգում է մարդու իրավունքների ոչ բավարար մակարդակի պաշտպանությանը մեր երկրում: Խնդիրներն անսահման շատ են, բայց էս ամենի լուծման բանալին մեխանիզմների մեջ է, ոչ թե պաշտոնյաների անձի մեջ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ կարևոր են համակարգային փոփոխությունները, իսկ ավելի կոնկրետ՝ սահմանադրական փոփոխությունները, այլ ոչ թե ԱԺ ամբիոնից ասել, թե Կարեն Անդրեասյանի այսինչ արտահայտությունը դուր եկավ կամ դուր չեկավ, որովհետև դրանք համակարգային խնդիրներ չեն:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ մարդու իրավունքների ոլորտում խնդիրների մեծ մասը կլուծվի, եթե Հիմնական օրենքը հռչակի իրավունքի գերակայություն, որին պետք է ստորադասվի օրենքի գերակայությունը: Պատգամավորը, դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, ասաց, որ ոչ ոք և ոչ մի օրենք չի սահմանափակում, որ Կարեն Անդրեասյանը խոսի սահմանադրական փոփոխությունների մասին: Վերջում նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը դրական է գնահատում ՄԻՊ տարեկան զեկույցը: