Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում 2013-ի փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունները հիմնականում բնութագրվում են լավ կազմակերպվածությամբ եւ հիմնարար ազատությունների բարձր մակարդակով. ասվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցում, որը ներկայացվել է երեկ` ապրիլի 22-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:
Փաստաթուղթը ներկայացրել է Հայաստանում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, Նորվեգիայի ներկայացուցիչ Կարին Ուոլսդետը` Հայաստանի նախագահի ընտրությունները անվանելով «ժողովրդավարության թեստ». տեղեկացնում է Regnum-ը:
Փաստաթուղթը բաղկացած է 63 կետից եւ 7 ենթաբաժնից: Ներկայացված են նախընտրական շրջանը, քվեարկության ընթացքը, իսկ վերջում ԵԽԽՎ դիտորդների եզրակացությունն է:
Ուոլսդետի գնահատականով` ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ, հանգիստ, բացասական գնահատական է տրվել ընտրատեղամասերի 5 տոկոսին: «Ընտրական գործընթացի կազմակերպման առումով կարելի առանձնացնել անճշտությունները ցուցակներում, վարչական ռեսուրսի չարաշահումը, խնդիրները անձնագրերում դրվող կնիքների հետ: Այս ամենը կասկածներ է առաջացնում ընտրողների շրջանում»,-հայտարարել է նորվեգացի խորհրդարանականը` հավելելով, որ եւս մեկ բացասական երեւույթ է բացահայտված խախտումների հիման վրա հարուցված քրեական գործերի չափազանց փոքր թիվը` 300 խախտման դեպքում 10 քրեական գործ: Եվս մի կարեւոր փաստ` ըստ պատգամավորի. վստահված անձինք շատ են միջամտել քվեարկության գործընթացին:
ԵԽԽՎ-ն նաեւ ափսոսանք է հայտնել, որ որոշ խոշոր քաղաքական կուսակցություններ հրաժարվել են մասնակցել ընտրություններին: Այդ բացասական երեւույթները նվազեցնում են հասարակական վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: «Հարկավոր է առավելագույն ջանքեր գործադրել, այդ բացասական երեւույթները հաջորդ համապետական ընտրություններում բացառելու համար»,- ընդգծել է Ուոլսդետը:
Բացի քննադատությունից, զեկույցում «գովասանք» էլ կա: Մասնավորապես` գովաբանվում է թեկնածուների` ԶԼՄ-ներից ազատ օգտվելու հնարավորությունը, ԶԼՄ-ների կողմից հավասարակշռված լուսաբանումը եւ այլն:
Զեկույցը հեղինակների կարծիքով` 2013-ի նախագահական ընտրությունները նախորդից ավելի բարձրակարգ էին:
Զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ շվեդ պատգամավոր Մարիետա դը Պուրբե-Լյունդինը` նշելով մի շարք լուրջ խախտումներ, որոնք բացահայտվել էին դիտորդական առաքելության կողմից: Ըստ նրա` զեկույցը «չափազանց դրական» է ստացվել: