կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 15:00
Քաղաքական

Գործող Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է, առկա է սահմանադրական ճգնաժամի իրական վտանգ

Գործող Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է, առկա է սահմանադրական ճգնաժամի իրական վտանգ

Երեկ` դեկտեմբերի 2-ին,  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության քարոզարշավի հերթական հանգրվանը Գյումրիում էր: Միության քարոզչական շտաբի պատասխանատուները հանդիպումներ ունեցան Գյումրու Եվրոպական, «Պրոգրես», Ճարտարագիտական համալսարանների ուսանողներ հետ: Ինչպես այլ վայրերում, Գյումրիում էլ ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումներին նախորդող քաղաքական իրավիճակը, առաջարկվելիք փոփոխությունները, Հայաստանի սահմանադրական մտքի պատմությունը և այլն:

Այնուհետև հանդիպումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով, հնչեցին առավել քան երեք տասնյակ հարցեր` կապված մարդու իրավունքների, կառավարման համակարգի, դատական իշխանության հետ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը ելույթում ընդգծեց, որ ներկայիս սահմանադրաիրավական կարգավորումները չեն պատասխանում կարևորագույն մի հարցի, թե ինչպե՞ս պետք է ապահովվի երկրի բնականոն կառավարումը, եթե երկրի նախագահը չվայելի խորհրդարանական մեծամասնության վստահությունը: Այս դեպքում առկա է երկիշխանության և սահմանադրական ճգնաժամի վտանգ, ինչը մեր տիպի երկրների պարագայում անընդունելի է, մանավանդ` հասարակության շրջանում ակնհայտ անվստահություն կա իշխող քաղաքական ուժի հանդեպ:

Անդրադառնալով նախագծում ՀՅԴ մոտեցումների արտացոլումին` միության ատենապետ Ռուսլան Բարսեղյանը նշեց, որ ներկա փոփոխություններն իրենց տրամաբանությամբ մեծապես կրկնում են 1994-95թթ. «վեցյակի» նախագիծը, որը ևս ենթադրում էր կառավարման խորհրդարանական համակարգ, և որ այդ նախագիծը կազմող հիմնական ուժը ՀՅԴ-ն էր:

Անդրադարձ կատարվեց նաև համամասնական ընտրակարգի, սահմանադրական օրենքների ինստիտուտի ներդրմանը, ձևավորվելիք Բարձրագույն դատական խորհրդին և այլն: