Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակում ելույթ ունեցավ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` մեծաքանակ պատգամավորների ելութները նախանշում են, որ հսկայածավալ փոփոխություն է տեղի ունենում երկրում:
«Սրա շրջանակներում նախ կուզենայի մի մեթոդաբանական ճշտում կատարել և խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը` այս ամբիոնից քիչ հայտարարեք` խորհրդարանական ընդդիմությունը սա է ասում, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է և այլն: Այդպիսի բան չկա, և շատ կարևոր է, որպեսզի հստակ մատնանշվի, որ այս փոփոխություններն ունեն կողմ և դեմ կողմեր, որոնց ջրբաժանը չի անցնում խորհրդարանական ընդդիմության և իշխանության միջև»,- ասաց Մինասյանը և հավելեց. «Որքան դեմ փաստարկներ ներկայացվում են ընդդիմության մի հատվածի կողմից, դրանից ավելի շատ դեմ արտահայտվողներ, թեկուզ` ստվերային, կարող եք գտնել իշխանությունների մեջ: Հետևաբար, այստեղից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի տրամաբանական և հիմնավորված` առանց պիտակավորելու»:
Պատգամավորը նշեց նաև, որ նրանք, ովքեր դեմ են փոփոխություններին, չեն ուզում մտնել բովանդակային քննարկումների մեջ, իսկ նրանք, ովքեր կողմ են, ուզում են և դրանում են տեսնում արդեն 2 տարի տեղապտույտից դուրս գալու հնարավորությունը:
Մինասյանը ներկայացրեց այն հիմնական պատճառները, որոնց պատճառով կողմ է սահմանադրական բարեփոխումներին:
«Ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծանր պայմաններում կարո՞ղ է, արդյոք, հաղթահարման ուղղություններ առաջարկել այս Սահմանադրությունը, թե՞ այն որևէ առնչություն չունի ստեղծված վիճակի հետ: Այս հարցադրումը որքան օբյեկտիվ է և տրամաբանական, այնքան էլ պարունակում է դեմագոգիա և, օգտվելով այդ իրավիճակից, «ոչ» ասողները հաճախ փորձում են վկայակոչել կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը և այլն: Բայց եթե մարդիկ փորձեն լուծել այս ամենի դրդապատճառները, կտեսնեն, որ դրանց ակունքները թաքնված են այն համակարգում, որը կա՛մ հնարավորություն է տալիս այդպիսի վիճակ առաջանալու, կա՛մ առնվազն չի պաշտպանում ՀՀ քաղաքացուն: Գործող Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ժողովրդի կամքը լիարժեք իրականացնել»,- հայտարարեց Մինասյանը:
Ըստ նրա` երբ խոսվում է անարդարության մասին, աչք է փակվում դատական ոչ լիաժեք աշխատանքի վրա: Մինասյանի խոսքով`առաջարկվող փոփոխությունը եթե անգամ թույլ չտա ձևավորել լավ իշխանություն, այն վատ իշխանությունից հրաժարվելու հնարավորություն կտա:
«Ոչ» ասողների հատվածը նսեմացնում է փոփոխությունների իրական արժեքը` անվտանգության հարցը շահարկելով: Փոփոխությունները չպետք է անձնավորել, փոփոխություններում անձը, մարդը երկրորդական նշանակություն ունի, որովհետև յուրաքանչյուր անձ, անհատ մահկանացու է, հավերժ են ազգը, ժողովուրդը և հայրենիքը»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը: