Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ութ թեկնածու ունենք: Նրանք ցանկանում են նախագահ դառնալ ու փրկել մեզ: Ումի՞ց: Եթե մի քիչ ուշադիր լինենք, կտեսնենք, որ նրանք ուզում են մեզ փրկել հենց իրենցից: Կարծում ենք՝ այսպիսի լավ առիթ մեկ էլ կարող է շատ ուշ լինել: Ի՞նչ անենք, չփրկվե՞նք:
Տեսեք: Բագրատյանն իրենով հնի մնացուկ է, բայց եկել, ուզում է նախագահ դառնալ: Ընտրեք նրան, եթե խերվել եք նրա վարչապետությունից: Չէ, դուք ընտրեք ու կտեսնեք, թե էլի ինչեր կարող է նա անել էս խեղճուկրակ ժողովրդի գլխին: Հետո Տիգրան Սարգսյանին փառք կտաք, հաստատ: Վերջին անգամ նրան «Արմնյուզով» տեսանք: Քննադատում էր մյուսների թաթալաբազությունները՝ հացադուլ, սպառնալիքներ թեկնածությունները հանելու մասին և այլն: Ասում էր` կարիք չկա, որովհետև առաջիկա ընտրությունները կեղծելու նախադրյալներ չկան: Եվ սա ասում է Բագրատյանը, ով հինգ տարի շարունակ գործող իշխանությունների երեսին գոռում էր «ավազակապետություն»:
Ընտրեք Հայրիկյանին, եթե ուզում եք քսան տարի անց վերանվաճել Հայաստանի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Մարդն ուրիշ թեմա չունի խոսելու, ի՞նչ եք ուզում նրանից: Ուզո՞ւմ եք, ընտրեք, չե՞ք ուզում…
Ինչ էի ասելու: Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քաղհացադուլավոր Անդրիաս Ղուկասյանը, Տիգրան Կարապետիչի (ոնց էլ հիշեցինք) և Դավիթ Հակոբյանի մշտական մրցակիցներ Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյա՞նը ոնց են: Նրանք ձեզ ոչինչ չե՞ն հուշում, օրինակ` այն մասին, որ իրենց չի կարելի ընտրել, որովհետև ոչ մեկն իր թիկունքում կուսակցություն (ռեալ կուսակցության մասին է խոսքը) և քաղաքական ծրագիր չունի:
Րաֆֆիի՞ն եք ուզում ընտրել: Ոչ մի խնդիր: Ընտրվելուց հետո ձեզ նման հասարակական տրանսպորտով է գործի գնալու, ձեզ որտեղ տեսնի՝ վազելու է, որ ձեռքով բարևի, նույն սափրիչի մոտ է գնալու և հերթում էլ սպասելու է, ինչպես դուք: Մի գիշերվա մեջ բոլոր խոշոր ձկներին բերելու է հարկային դաշտ, որ մանրումիջինների գործերը լավանան: Խեղճ ՀՀ իշխանություններ. 15 տարվա մեջ այդպես էլ չհասկացան, թե վերարտադրվելու համար ում գործերը պետք է լավացնեն: Հնարավոր է, այո, հնարավոր է, որ Րաֆֆիին ընտրելու դեպքում մենք ունենանք նախագահ, որ կկարողանա տիրապետել միայն երկրի կեսին, ինչպես իր կուսակցության ցուցակի և խմբակցության կեսին է հազիվ տիրապետում: Դա էլ մի հունար է, երևի, որ շատերը չունեն:
Ո՞վ մնաց, Սերժ Սարգսյա՞նը: Բայց ընտրվելու համար նա հո մեր ընտրել-չընտրելուն չի՞ սպասում: Ընտրվել-պրծել է: Նրա հարցն ուրիշ է: Նա փետրվարի 19-ից հետո եկող հինգ տարվա մասին է մտածում: Զգո՞ւմ եք, թե ոնց է անցել ԲՀԿ-ի ջանին: Այս կուսակցության բարոյական դեմքերը մեկիկ-մեկիկ խոստովանում են, որ ընտրելու են Սերժ Սարգսյանին: Դեռ մի քիչ քաշվում են բարձրաձայն հայտարարել՝ մենք բոլորս Արթուր Բաղդասարյան ենք, բայց ոչինչ, դա ժամանակավոր երևույթ է: Այ երբ Գագիկ Ծառուկյանն անձամբ կստանձնի ԲՀԿ-ից մեծ առնետավազքի ղեկավարությունը, նոր կզգաք, թե ինչ ասել է ՀՀԿ, ՀՀԿ-ի առաջնորդ և մանավանդ՝ ապահով Հայաստան:
Լավ, ի՞նչ անենք՝ կհարցնեք: Գնացեք ընտրության: Սա առաջին պայմանն է այս թաթալաբազության վերջը տալու: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ: Ընտրաթերթիկը ձերն է: Արեք այդ ընտրաթերթիկի հետ՝ ինչ մտքներովդ անցնի: Ծալեք այն, դրեք ծրարի մեջ և մոտեցեք ծրարի վրա և ձեր անձնագրում դրոշմակնիք դնող հանձնաժողովի անդամին: Նա իր գործն անելուց հետո կբացի քվեատուփը: Ծրարը գցեք մեջը և գնացեք տուն: Անպայման գնացեք ընտրության: Եթե չգնաք, այդպես էլ ոչ ոք չի իմանա, թե քանի մարդ կա Հայաստանում, որ չէր ուզենա ընտրությունների փոխարեն կրկեսային ներկայացում դիտել:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ