Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավն այսօր շարունակվեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում:
ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ինքն այն համոզմունքին է, որ ՀՀ ամենակարևոր քաղաքական օղակներից մեկը մնում է Լոռու մարզն` իր Վանաձոր քաղաքով. «Դեռևս 1990-ական թվականների սկզբին քաղաքական գիտակցության մակարդակով մեր քաղաքը գերազանցում էր շատ ու շատ տարածքների: Ես այն հույսն ունեմ, որ այսօր մեր քննարկման արդյունքում ունենալու ենք մի թիմ, որը մեր քաղաքում սահմանադրական բարեփոխումները դրական ճանապարհով է տանելու»:
Ըստ Լոքյանի` շատերի համար Սահմանադրության հետ կապված հարցերը, բարեփոխումները, իրական արժեքը հասարակությունում քիչ գնահատելի են, քանի որ քաղաքացին ապրում է իր առօրյայով ու իր հոգսերով, և այդ փաստաթղթին քիչ ուշադրություն են դարձնում:
«Սակայն երկիրի թիվ մեկ փաստաթուղթը, որով պետք է ապրի երկիրը, որով պետք է կառավարվի ժողովուրդը, և իր իրավունքները սահմանի քաղաքացին` Սահմանադրությունն է: Սա է պատճառը, որ աշխարհի տարբեր ժողովուրդներ պատմության ընթացքում փորձել են ձևակերպել իրենց կառավարման համար Սահմանադրություն, որով էլ ստեղծել են այս կամ այն տիպի երկրներ»,- ասաց Լոքյանը:
Նա ներկայացրեց, մասնավորապես, կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտությունը: Նրա հավաստմամբ, եթե փորձենք համեմատել խորհրդարանական կառավարում ունեցող երկրներն ու կիսանախագահական կամ նախագահական կառավարմամբ երկրների զարգացման ընդհանուր մոդելը, կտեսնենք, որ խորհրդարանական երկրների զարգացումը շատ բուռն է ընթանում, և այդ երկրներն են, որ դոմինանտում են աշխարհի տնտեսությունում, ժողովրդավարության և այլ հարցերում.«Աշխարի զարգացած երկրների մեծամասնությունը խորհրդարանական կառավարման ձևն է ընտրել: Դեռևս 1991-ին ՀՅԴ-ն պնդում էր, որ Հայաստանի նման երկրի կառավարման ճշգրիտ ձևը խորհրդարանականն է»:
Նրա հավաստմամբ` կիրթ, հասկացող քաղաքացին չի կարող փոփոխությանը դեմ լինել.«Ինչո՞ւ փոփոխությանը դեմ լինել, երբ մենք ձեզ հետ մշտապես ասել ենք, որ փոփոխություններ են անհրաժեշտ մեր երկրում, որ երկիրը շարժվի: Այս լճացումը, այս ճահիճը, որի մեջ բավականին երկար ապրում ենք, փոխել է պետք և այդ փոփոխությունների հիմքը պետք է դառնա Սահմանադրությունը: Դեկտեմբերի 6-ին եկեք միասին մեր երկրի նոր ճանապարհի սկիզբը դնենք»:
ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանի կարծիքով էլ` սահմանադրական բարեփոփոխումը շատ կարևոր է, քանի որ խնդիրը ոչ թե իշխանություն-ընդդիմություն դաշտում է, այլ ՀՀ առաջիկա 30-40 տարվա զարգացման տրամաբանության մեջ:
Շատերը, ըստ Մկտրչյանի, հարցնում են, թե ինչու է պետք հիմա փոխել Սահմանադրությունը, երբ հայ ժողովուրդը բազում խնդիրներ ունի: Սակայն, Մկրտչյանի հավաստմամբ, մենք ոչ թե հիմա պետք է քննարկեինք Սահմանադրություն փոխելու հարցը, այլ ավելի շուտ` 5-10 տարի առաջ:
«Երբ ժողովրդի մոտ չկա հավատ, որ ինքը մաս է կազմում երկրի կառավարմանը, սկսում է անտարբերությունը: Սահմանադրությունը փոխելու այսօրվա որոշումը գալիս է կոնկրետ փաստից` երկրում կառավարման համակարգում ճգնաժամ է, ժողովրդի մեծամասնությունն անտարբերությամբ է վերաբերվում թե՛ իր իշխանություններին, թե՛ ընդդիմությանը: Մենք այսօր չունենք ձևավորված քաղաքական մշակույթ` կուսակցությունները ձևավորվում են 1-2 շահերը պաշտպանելու համար, և նրանք չունեն գաղափարախոսություն: Ստացվում է` այսօրվա մարտահրավերներին դիմակայելու մենք այլ ճանապարհ չունենք` պետք է վերադարձնենք ժողովրդի վստահությունը, ժողովուրդը պետք է հավատա իր երկրի ապագային»,- ասաց Մկրտչյանը:
Հանդիպումը վանաձորցիների հետ ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով. բարձրացված բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները: