կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 15:36
Սպորտ

Կփորձենք զարմացնել հայ հանդիսատեսին. Եվգենի Պլյուշչենկո

Կփորձենք զարմացնել հայ հանդիսատեսին. Եվգենի Պլյուշչենկո

Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք «Սառույցի թագավորներ» շոու-ծրագրից:

«Դեռևս 2008 թվականին Հայաստանում ունեցել եմ ցուցադրական 2 ելույթ, որոնք մեծ արձագանք գտան այստեղ: Հիմա դադար եմ վերցրել մարզական մրցաշարերից և բաց կթողնեմ այս մրցաշրջանը: Փոխարենը համաշխարհային շրջագայության եմ մասնակցում, որն արդեն մեկնարկել է: Երևանում հաջորդ ամիս կայանալիք ներկայացման ժամանակ ձեզ կներկայանամ նոր շոու-ծրագրով: Կփորձենք զարմացնել հայ հանդիսատեսին և հասկանալ նրանց արձագանքը: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Պլյուշչենկոն կրկին կվիրահատվի, բայց ես լավ եմ, ամեն ինչ կարգին է: Շարունակում եմ մարզվել»:

«Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հաջորդ օլիմպիական խաղերին, առաջին հերթին` ինքս ինձ ապացուցելու համար, որ դա հնարավոր է անել (2018 թվականի օլիմպիական խաղերի Պլյուշչենկոյի համար կլինեն 5-րդը): Իհարկե, սարսափելի դժվար կլինի, բայց` ինչո՞ւ ոչ: Հուսեյն Բոլտը, Մայքլ Ֆելպսը, Ելենա Իսինբաևան յուրօրինակ են, ես ևս կփորձեմ ինչ-որ չափով նրանց հասնել»:

«Ցավոք, Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր: Մենք ժամանակին փորձեցինք Պլյուշչենկոյի անվան մարզադպրոց բացել այստեղ, սակայն եթե տարվա մեջ միայն մեկ ամիս կարող ես սահել այդ սառույցի վրա, ապա երեխան չի կարող մարզվել: Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, օրինակ` իմ մենեջեր Արի Զաքարյանը: Պարզապես ղեկավար այրերը պետք է աջակցություն ցուցաբերեն մարզաձևի զարգացմանը: Միայն ֆուտբոլ և շախմատ խաղալով` պետք չէ սահմանափակվել»:

«Ես շատ ընկերներ ունեմ Երևանում: Նոյեմբերին կայանալիք շոու-ծրագրից հետո կշրջենք երկրով մեկ: Նախորդ այցի ժամանակ մենք եղել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Դուք հրաշալի կառույցներ ունեք, ինչպիսին Մարզահամերգային համալիրն է: Դեռևս 2008-ին, երբ եղա Հայաստանում, շոու-ծրագրում համար ունեի «Իմ Հայաստան» երգի ուղեկցությամբ, որն, ի դեպ, իմ սիրելի երգն է: Ես այն իմ «Այփադ»-ում (Ipad) ունեմ»: 

ՀԱՕԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա նոյեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում: Բացի Պլյուշենկոյից, ծրագրում հանդես կգան նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից: