Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ երբ քննարկվում էր բյուջեն, նա առաջարկել էր դպրոցներում ինժեներական լաբորատորիաներին հատկացվող գումարը ավելացնել, որին ի պատասխան, իրեն ասել էին, որ դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացմանը լրացուցիչ գումար տրամադրելու հարցը այժմ քննարկվում է դոնոր կազմակերպությունների հետ դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորելու համար, հակառակ պարագայում, այն կլուծվի 2018 թվականի արտաբյուջետային կամ պահուստային ֆոնդի միջոցով:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահը դիմել է կառավարությանը, որ գումարը տրամադրեք, ասել եք` խնդրում եք բավարարվեք այն գումարով, ինչը որ տրամադրվել է, և որ կրթական համակարգում ինժեներական տեխնոլոգիաների ներդրումը չի հանդիսանում կրթական պարտադիր բաղադրիչ, այն սիրողական խմբակ է»,- ասաց Գորգիսյանը և հարցրեց` եթե կառավարութունը չէր ֆինանսավորելու, ինչո՞ւ է խոստացել:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ դա իսկապես շատ կարևոր ծրագիր, է և բյուջեով նախատեսված է այդ ծրագրի համար մոտ 127 մլն դրամ:
«Հարցը առաջացել է նրանից, որ առաջանցիկ ձևով են ներկայացրել այս ծրագիրը:Առաջացել է լրացուցիչ 220 խմբակ: Այն ժամանակ պայմանավորվեցինք` ինչպես դոնոր կազմակերպություններ գրավենք, այնպես էլ կփորձենք նախարարության երկրորդ կիսամյակում առաջացած խնայողությունները տրամադրել: Եվ եթե ունենանք դա, կներդնենք: Այդ խնդիրը ուժի մեջ է, 2018-ին նախատեսում ենք 80 մլն դրամ տրամարդել, կփորձենք խնդիրը կարգավորել»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, բացի դրանից, մեկ այլ կարևոր նախաձեռնություն ևս ունեն: ««Ինստիգենտ» կազմակերպության հետ պայմանավորվել ենք, փորձում ենք խնդիրն ավելի արմատական լուծենք: Առաջարկում ենք արմատապես փոխել ինֆորմատիկա առարկան և մի քանի ծրագրեր ներառել «ինֆորմատիկա» առարկայի մեջ: Որոշակի հատվածներ էլ կներառենք «տեխնոլոգիա» առարկայի մեջ: Այս կոմպլեքս միջոցառումներով կփորձենք խնդիրը կարգավորել և Ձեզ հետ միասին, մի անգամ էլ կքննարկենք սա, բայց երևի մայիս-հունիս ամիսներից հետո: Ես մայիսին պատասխանատուներին և ձեզ էլ կհրավիրեմ, մենք էլ մեր կողմից կտանք խրախուսանք, որովհետև շատ կարևոր ծրագիր է»,- հայտարարեց նա:
Գորգիսյանն էլ նշեց, որ մենք անընդհատ խոսում ենք երկրի համաչափ զարգացման մասին, իսկ այս ծրագրի մեծ մասը իրականացվում է մարզերում, և սա կբերի մարզերի համաչափ զարգացման: «Ամեն մի գյուղում երեխան կարող է մի քանի հազար դոլար ամսական եկամուտ ապահովել միայն իր համակարգչով և սա շատ կարևոր է: Ուրախ եմ ձեզնից լսել այս ամենը, հուսամ որևէ լուծում կգտնվի, որովհետև այսպես չի կարող շարունակվել, ՖԲ-ում անհատներ են սկսել դրամահավաք անել»,- ասաց Գորգիսյանը: