Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկայում կփորձեն ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ տարածք. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին՝ պատասխանելով ԵՄ անդամ երկրների և ՀՀ-ի միջև վիզաների ազատականացման հարցին։ Նա նշեց, որ հստակ չի կարող ժամկետներ ասել, բայց իրենք պարտավորվել են առաջիկայում սկսել այդ հարցի քննարկումները:
«Կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք այդ հարցը ու կփորձենք ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը Եվրամիության տարածք։ ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մեր այս քննարկման ժամանակ վիզաների ազատականցման հարցը առաջնային խնդիրներից էր»,- տեղեկացրեց նա։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ պայմանագիրը ուժի մեջ կմտնի հատվածաբար ՝ ՀՀ-ի կողմից այն վավերացնելուց հետո։ «Ապրիլին Հայաստանի խորհրդարանը կվավերացնի համաձայնագիրը։ Ըստ էության՝ այն կվավերացվի ապրիլի 10-ի նիստում»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական Միության հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որի շրջանակում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերը, հայ-լեհական հարաբերությունները, Լեհաստանի հետ վիզաների ազատականացման հարցը և այլն։ Նիստի արդյունքում ստորագրվել է եզրափակիչ բանաձև, որում, ի թիվս շատ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտությանն ու ՀՀ-Լեհաստան համագործակցությանը։