կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-19 12:50
Քաղաքական

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում մեղադրում են Ռուսաստանին, որ ծնել է ԼՂ խնդիրը, փոխանակ խոսեն ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում մեղադրում են Ռուսաստանին, որ ծնել է ԼՂ խնդիրը, փոխանակ խոսեն ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Այսօր լրագրողները հանդիպեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ:

ՆԱՏՕ-ի այս նստաշրջանն անցկացվել է Նորվեգիայի Թագավորությունում: Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ հրատապ հարցերը վերաբերել են հիմնականում արևելյան և հարավային ուղղության ճգնաժամերին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի սիրիական ճգնաժամին, ՆԱՏՕ-ի գործընկերային հարաբերություոններին, ահաբեկչության դեմ պայքարին և այլն:

Ըստ Հայաստանի պատվիրակի` նստաշրջանում ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցներից մեկում որոշ ձևակերպումներ չէին համապատասխանում իրական վիճակին, ահա, թե ինչու հայկական պատվիրակությունը բարձրաձայնել է իր մտահոգությունները:

«Հայկական պատվիրակությունը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, որ ճիշտ չէ նույն զամբյուղում դնել բոլոր հակամարտությունները: Իհարկե, զեկուցողը նպատակահարմար չգտավ մեր առաջարկությունները ներառել իր զեկույցում, բայց դա ընդամենը զեկույց էր, որը բնավ չի արտացոլում ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը: Կան մտահոգություններ զեկույցի առանձին ձևակերպումների վերաբերյալ, որոնք կարող են խոչընդոտել հակամարտության կարգավորմանը և կարող են վնասել խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասաց Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ հայկական պատվիրակությունը կշարունակի ջանքեր գործադրել, որ հետագայում նման վտանգավոր ձևակերպումները տեղ չգտնեն ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցներում:

Նա նստաշրջանի աշխատանքները գնահատեց «ընդհանուր առմամբ, բարենպաստ» հայկական պատվիրակության համար` անկախ այն բանից, որ զեկույցներից մեկում եղել են ոչ բարենպաստ ձևակերպումներ ԼՂ կարգավորման մասին: Դրա պատճառը Ռուսաստանի դեմ սուր շեշտադրումներ անելու ցանկությունն է եղել, այդ պատճառովւ տարածաշրջանի կոնֆլիկտներին անդրադարձել են սուր և Հայաստանի համար ոչ բարենպաստ ձևով:

Պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ևս համաձայնեց այդ տեսակետին, որ Ռուսաստանին խայթելու պատճառով էր, որ անբարենպաստ ձևակերպումներ հնչեցին ԼՂ կարգավորման վերաբերյալ: Ըստ նրա` փոխանակ զեկուցողները նշեն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, նշում են, թե Ռուսաստանն է ծնել Ղարաբաղի խնդիրը:

«Այնպես են ասում` Ռուսաստանն է ծնել Ղարաբաղի խնդիրը, ասես, երեկ է այդ խնդիրը ծնել, այլ ոչ 1918-20 թվականներից, ստալինյան ժամանակաշրջանից և այլն»,- ասաց Թևան Պողոսյանը: