կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-26 15:51
Քաղաքական

Հետևություններ ենք արել. Զատուլինը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հետևություններ ենք արել. Զատուլինը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի` ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով  մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Նա նշեց, որ, ինչպես ասել էր իր գործընկեր` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականից հետո՝ կապված տարածաշրջանը զինելու հավասարակշռության խախտման վերաբերյալ և ՀՀ-ին է տրամադրել պաշտպանության ամենաժամանակակից միջոցները:

«Հասկանում ենք, որ 2016-ին տեղի ունեցած գործողություններից հետո Հայաստանի հասարակության շրջանում եղան դժգոհություններ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, մասնավորապես` Ադրբեջանին պայմանագրով զենքի մատակարարման համար։ Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում չեն գտել դա օգտագործելու մեկ այլ ձև, քան համակարտության գոտում այն գործածելը՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Մենք, հավատացեք, տարածաշրջանում սպառազինության մատակարարման հավասարակշռության խախտման հետ կապված արել ենք հետևություններ: Ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը այն բանի վրա, որ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել ժամանակակից պաշտպանության միջոցներ, որոնք, հույս ունեմ, կտեսնեք շքերթի ժամանակ»,- ասաց Զատուլինը:

Ըստ նրա` Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում հետագայում ևս Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ դիտարկելու է որպես վտանգ իր նկատմամբ: Զատուլինի խոսքով` ինքը Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամության կողմնակից է, ինչպեսև Ռուսաստանի Պետական դումայի մի շարք պատգամավորներ:

Դիտարկմանը` պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ վերադարձնելու է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանն ու Զանգեզուրը, որովհետև «դրանք իրենց պատմական հողերն են», Զատուլինն արձագանքեց. «Կցանկանայի առավելագույնս կոռեկտ արտահայտվել՝ հաշվի առնելով այն, որ վաղը կկարդամ իմ մեկնաբանությունները Ադրբեջանի ԶԼՄ-ներում: Ադրբեջանի հարգելի նախագահը թուլացրել է իր դիրքերը՝ միջազգային հանրության առաջ նման հայտարարություններ անելով: Դրանք, հավանաբար, ներքին լսարանի համար են արվել` ընտրություններից առաջ, բայց չեմ կարծում, թե դա քննադատությանը կդիմանա` պատմական, քաղաքական և այլ տեսանկյուններից: Պարզ չէ, թե ով կարող էր լուրջ վերաբերվել այս մտքերին»: