կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-12 13:23
Մշակույթ

Ուրախ եմ մաս կազմել Խաչատրյանի անվան փառատոնին. Աննա Վինիցկայա

Ուրախ եմ մաս կազմել Խաչատրյանի անվան փառատոնին. Աննա Վինիցկայա

Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ մեկ համերգում. այսպիսին էր հոկտեմբերի 10-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած համերգային երեկոն։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ առաջին անգամ կատարվեց Էնթոնի Լա Բոունթիի «Շարական»-ը, որի սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը հատուկ գրվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային ներկա գտնվելու համար Երևան էր ժամանել ստեղծագործության հեղինակը՝ Էնթոնի Լա Բոունթին։

Հայաստանում առաջին անգամ Երիտասարդական նվագախմբի և մեծահամբավ դաշնակահարուհի Աննա Վինիցկայայի կատարմամբ հնչեց Բելա Բարտոկի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը։ Համերգի երկրորդ մասում Երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Դմիտրի Շոստակովիչի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը (մենակատար՝ Աննա Վինիցկայա), Ալեքսանդր Սկրյաբինի «Էքստազի» պոեմը։ Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան։

Նշենք, որ դաշնակահարուհի Աննա Վինիցկայան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, մասնավորապես` Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և այլն։ Որպես մենակատար` հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, մեծանուն դիրիժորների ղեկավարությամբ։ Զբաղվում է նաև մանկավարժությամբ. 2009 թվականից Աննա Վինիցկայան Համբուրգի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։

Դաշնակահարուհին նշում է, որ շատ ուրախ է մաս կազմել Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին։ «Շատ էի լսել Խաչատրյանի անվան փառատոնի մասին։ Երբ թերթում էի փառատոնի գրքույկը, ինձ ծանոթ և շատ հայտնի երաժիշտների տեսա։ Ուրախ եմ, որ ինքս էլ եմ մասնակցում այս ամենին»,- իր տպավորություններն է հայտնում Աննա Վինիցկայան։ Խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դաշնակահարուհին նշում է. «Հիանալի կոլեկտիվ է, շատ արագ արձագանքում են դիրիժորին։ Ակնհայտ է, որ շատ են աշխատում»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հետևելու հնարավորություն է տալիս առցանց` SYOA TV-ի միջոցով։ Հոկտեմբերի 10-ի՝ պրեմիերաներով լի համերգը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=vC5lBeQhmGE