կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 14:11
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միրգ եմ առնում մի կնոջից, ուրախ-ուրախ ասում է՝ հեսա թուրքերը կգան, էնքան լավ ենք ապրելու. չի հասկանում, որ առաջինը իրեն կմորթեն. Դոլուխանյան

Հայաստանի իշխանությունների՝ տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առավելագույնս ակտիվ եւ ճկուն քաղաքականություն վարելու գործին է լծվել։ Թուրքիայի հետ «եղբայրական» հարաբերությունների հաստատումը գրականագետ ՀՊՄՀ հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը ծիծաղելի է համարում։

«Եթե ուզում ես խաղաղ ապրել, վանք ունենալ, պատրաստվիր պատերազմի: Իսկ մենք իշխանափոխությունից հետո սազը ձեռքներիս երգում էինք՝ խաղաղություն ու բարեկամություն, որը թուրքերին ճանաչող մտավորականների համար շատ տարօրինակ էր՝ չռված աչքերով էին նայում։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմությունը չգիտի, եթե իմանար՝ նման քայլի չէր դիմի: Թուրքին հավատալ` նշանակում է՝ ոչխարը գայլին ասի՝ եկ, ինձ կեր»,-Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանում է գրականագետը:

Դոլուխանյանի խոսքով՝ թուրքերի ծրագրային քաղաքականության մեջ հայերի ոչնչացումը ամրագրված է մինչ օրս։ Ասում է՝ ինչպե՞ս կարող ես բարեկամանալ մի երկրի հետ, որը քեզ քարտեզի վրա չի ճանաչում` որպես պետություն:

«1915թ․ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Հայաստանի Առաջին հանրապետությունը ստեղծվեց, Քեմալ Աթաթուրքը հանգստացրեց թուրքերին` ասելով, թե` դա էլ կվերցնենք, մի՛ մտածեք, Հայաստան չպետք է լինի։ Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանը այդքան պարզունակ ղեկավար էր, որ սկզբից փորձեց սահմաններ բացել, իսկ երբ նրանք պայմաններ դրեցին՝ հրաժարվեց` ցույց տալով, որ հայրենասեր մարդ է։ Ծիրան եմ առնում մի կնոջից, ուրախ-ուրախ ասում է՝ հեսա թուրքերը կգան, էնքան լավ ենք ապրելու։ Չի հասկանում, որ առաջինը իրեն կմորթեն: Անգրագետ կին է, մենք իջել ենք այդ խավի մակարդակի՞ն, չէ՞ որ ժողովրդին առաջնորդում է կրթված մտավորականը»,-նշում է նա։

Խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հմտությունների եւ դիվանագիտական փորձի մասին՝ գրականագետը շեշտում է՝ Հայաստանի պատվիրակ Ռուբեն Ռուբինյանը շատ թույլ գործիչ է եւ չի կարող բանակցություններ վարել։

«Թուրքիայի ներկայացուցիչը բացառիկ ճիշտ ընտրված մարդ է, լավ դիվանագետ, դիմացը դնում են մեկին, որը փորձ չունի: Ռուբեն Ռուբինյանը պիտի հրաժարվեր Թուրքիայում ՀՀ-ի բանագնաց լինելու առաջարկից, քանի որ շատ մեծ դիվանագիտական փորձ պետք է ունենալ նման գործը ստանձնելու համար, նա չունի այդ փորձը: Ինչ է, նա Անաստաս Միկոյա՞նն է, որը 3-րդ համաշխարհային պատերազմը կանխեց եւ նրա անունը մտավ աշխարհի հանրագիտարանների մեջ: Ռուբինյանը պատրաստ չէ նման բանակցությունների»,-նշում է գրականագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

                                                                                                         Լիանա Սարգսյան