Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ Ադրբեջանը գնաց լայնածավալ ագրեսիայի, ակնհայտ է, որ այս պայմաններում բանակցելն ուղղակի անհնար է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինս նշեց, որ քանի դեռ չկա երաշխիք, որ Ադրբեջանը չի փոխել իր մտածողությունը, որ պետք է զենքի ուժով լուծել ԼՂ հարցը, Հայաստանը փոխզիջումների մասին չի խոսելու:
- Կառավարությունը հավանության արժանացրեց ԼՂ անկախությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագծի ԱԳՆ եզրակացությունը: Մի քանի անգամ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր օրինագիծը, ստացել մերժում: Ինչո՞ւ այս անգամ եզրակացությունը հավանության արժանացավ:
- Մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ. Ադրբեջանը տապալել է խաղաղ բանակցային եղանակով խնդիրը կարգավորելու բոլոր հնարավորությունները՝ ունենալով եռակողմ համաձայնագրեր հրադադարի վերաբերյալ՝ իբրև միջազգային իրավունքի պարտավորություն: Բացի այդ, վերջին տարիներին Ադրբեջանը փորձ է արել սպառազինվելով, հայատյացություն ու թշնամանք հրահրելով՝ պատրաստվել ԼՂ-ն զենքի ուժով գրավելու քաղաքականությանը: Բոլորս գիտակցում էինք, որ այս ամենաթողությունը, երբ հստակ գնահատականներ չեն տրվում Ադրբեջանի քաղաքականությանը, մի օր կհանգեցնի նոր ագրեսիայի: Կրկնվեց այն, ինչ եղել էր 90-ականներին, ու ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը մտադրություն չունի բանակցային եղանակով կարգավորել հարցը: Իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգության երաշխավոր, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը փորձի զենքի ուժով տեղահանել Ղարաբաղի ժողովրդին կամ բնաջնջել, մենք կպարտավորվենք համապատասխան քայլեր ձեռնարկել:
Կառավարությունն այսօր ընդամենը դրական պատասխան է տվել օրինագծի եզրակացությանը, իսկ սա նշանակում է մեկ բան, որ եթե Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ սկսել, Հայաստանին այլ բան չի մնա, քան ճանաչել Ղարաբաղը ու արժանի հակահարված տալ: Սա նաև ազդանշան է միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ այլևս անցյալում են ժանամակները, երբ երկու կողմերի միջև կարելի էր հավասարարության նշան դնել, ընդհանրական կոչերով հրադադար պահանջել: Ակնհայտ է մեկ բան. պետք է միջազգային հանրությունը ձեռնարկի կոնկրետ, հստակ քայլեր, ստեղծի երաշխիքներ, որ հրադադարը կպահպանվի: Այն հրադադարը, որի տակ ստորագրել է Ադրբեջանը:
-Այսինքն՝ կարծում եք, որ մինչ միջազգային հանրությունը հասցեական հայտարարություններ չհնչեցնի, չհանի հավասարության նշանը կողմերի միջև, բանակցությունները չե՞ն վերսկսվի:
- Ոչ միայն հասցեական հայտարարություններ պետք է արվեն, այլև՝ սահմանի ողջ երկայնքով տեղադրվեն հետաքննության մեխանիզմները, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ով է խախտել, որ ժամին, որտեղ, որ դրան տրվի գնահատական: Նաև պետք է դիտորդական մեխանիզմ ստեղծել, որ հրադադարը պահպանվի, որ ուժի կիրառում չլինի: Կա երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի, սպառնալիքի կիրառության բացառում: Հիմնական խնդիրը՝ ուժի բացառումն է: Քանի որ Ադրբեջանը գնաց լայնածավալ ագրեսիայի, ակնհայտ է, որ այս պայմաններում բանակցելն ուղղակի անհնար է: Այս փաթեթը պետք է ամբողջությամբ գործի, որ վստահ լինենք՝ կա խաղաղություն, կա հրադադար, որևէ մեկը չի հարձակվի: Ցավոք, Ադրբեջանը պատրաստ չէ դրան, ցավոք, Ադրբեջանը մերժել է միջազգային հանրության կողմից արված տրամաբանական բոլոր առաջարկները: Ցավոք, Ադրբեջանը 20 և ավելի տարիներ իր հանրությանը պատրաստել է պատերազմի, Ալիևը շարունակ խոսել է այն մասին, որ Հայաստանը թույլ է, տնտեսություն չկա, քայքայված է, որ մենք հզոր ենք, գերհզոր ենք, կարող ենք խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, բայց եկավ՝ քթին ստացավ, որևէ հաջողություն չունեցավ: Տեղի ունեցավ մի կարևոր բան. Ադրբեջանի սերունդը, որը տեղյակ չէր 90-ականների պատերազմից, հասկացավ, որ ալիևյան քարոզչությունը սին էր, դատարկ: Մարդիկ սկսելու են մտածել՝ մեզ ասում էին, որ կես ժամում կհաղթենք, կմտնենք Ստեփանակերտ, ի՞նչ է կատարվում: Պատահական չէ, որ ագրեսիայից հետո Ադրբեջանը ինքը դիմեց Մոսկվային՝ հրադադարի խնդրանքով:
Հարցազրույցն ամբողջությամբ` Tert.am-ում: