կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-09 11:07
Տարածաշրջան

Ինչո՞ւ Քյութահյայում չկա Կոմիտասի հուշարձանը, այն պատճառով, որ հա՞յ է. թուրք լրագրողի ուշագրավ հոդվածը

Ինչո՞ւ Քյութահյայում չկա Կոմիտասի հուշարձանը, այն պատճառով, որ հա՞յ է. թուրք լրագրողի ուշագրավ հոդվածը

Թուրք լրագրող Զաֆեր Դիփերը հայ մեծանուն երգահան, երաժշտագետ Կոմիտաս վարդապետի մասին ուշագրավ հոդված է հրապարակել:

«Իմ համերկրացի Կոմիտասը» վերնագրված հոդվածում հեղինակն անդրադարձել է մեծանուն վարդապետի կենսագրությանն ու Հայոց ցեղասպանությանը` այն որակելով «տեղահանություն»: Այնուամենայնիվ, հեղինակը կարևոր հարց է բարձրացնում. «Ինչո՞ւ չկա Կոմիտասի հուշարձան իր ծննդավայր Քյութահյայում»:

Այդ մասին իր դժգոհությունը հայտնած հոդվածի հեղինակը նախկին և ներկայիս թուրքական իշխանությունների վարած այլատյացության քաղաքականությունը քննադատող հարցեր է բարձրացնում, ասելով. «Ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Փարիզում, որտեղ Կոմիտասը մահացել է, հուշարձան է կանգնեցվել, իսկ Քյութահյայում, որտեղ նա ծնվել է, նույնիսկ մի հուշաքար չկա:

Նա, ինձ, քեզ, թուրքերին չի հայհոյել, ծպտուն չի հանել, նույնիսկ չի ասել` ախ, ինչո՞ւ մեզ վրա ձեռք բարձրացրեցիք, դեռ ինչեր կարող էի անել, ինչեր կարող էի ստեղծագործել: Վերջին 18 տարում ո'չ խոսել է, ո'չ ծիծաղել, ո'չ լացել է, ո'չ երգել, ո'չ դաշնամուր նվագել, միայն լռել է և մահացել Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Արդյո՞ք վերջին շունչը տալու, ասել է` ինչո՞ւ: 

Արդյո՞ք այս մարդը, որ հավաքագրել, համակարգել, պահպանել և մեզ է հասցրել թուրքական դասական երաժշտությունը, թուրքական ժողովրդական երգերը, ձեզ այդչափ դուր եկող երաժշտություններից շատերը, չպետք է արժանանա մի հուշարձանի, թեկուզ` փոքրիկ հուշակոթողի: 

Ո՞ւմ պատմեմ իմ մտահոգությունը… Այս օրերին Հունգարիայում «Գյուլ Բաբա» աղոթավայրի բացումն իրականացնող նախագահի՞ն, ներքին գործերի, արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարությունների՞ն, թե՞ «մշակույթ» կոչված «մշակութային» մի նախարարության, թե՞  Քյութահյայի նահանգապետի՞ն:

Ահ, եթե միայն հարցնեիք, թե ի՞նչ մտահոգություն ունեմ…

Մտահոգությունս այն է, թե ինչո՞ւ Քյութահյայում չկա այսքան կարևոր մեկի` Կոմիտասի կիսանդրին, հուշարձանը…

Այն պատճառով, որ հա՞յ է…»: