կարևոր
3334 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-04 18:39
Արցախ

New York Times-ի սյունակագրի հոդվածը ԼՂ-ում իրավիճակի մասին

New York Times-ի սյունակագրի հոդվածը ԼՂ-ում իրավիճակի մասին

Ադրբեջանն օգտվում է այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, և դա օգտագործում է «մարդկության դեմ իր սեփական հանցագործություններն» իրականացնելու նպատակով։

Նման կարծիք է հայտնել New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

Հոդվածը վերնագրված է այսպես․ «Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն»։

«Դուք, հավանաբար, չեք լսել Լեռնային Ղարաբաղ կոչվող էթնիկ հայկական անկլավի նկատմամբ Ադրբեջանի դաժանության մասին, սակայն այն արժանի է քննության», – գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանություն է տեղի ունենում» հայերի նկատմամբ։

«Չափազանց կարևոր է սա պիտակավորել՝ որպես ցեղասպանություն», – ասել է Օկամպոն Նիկոլաս Քրիստոֆին՝ կարևորելով, որ ԱՄՆ-ն և համաշխարհային այլ տերություններ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ բավական քչախոս Մեծ Բրիտանիան, ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։

New York Times-ում հրապարակված հոդվածում հերթական անգամ խոսվում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։

«2020 թվականին Ադրբեջանը կարճ պատերազմ մղեց, որի ընթացքում հետ գրավեց անկլավի մեծ մասը, և այժմ այն ցանկանում է հետ բերել մնացած մասը և, ըստ իս, դուրս մղել էթնիկ հայ բնակչության մեծ մասին», – նշում է հոդվածի հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք շատ տարամետ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։