Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական Sozcu թերթի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն «Պուտինն էլ խաբեց. հայտարարությունը ճանապարհին է» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել՝ հիշեցնելով Հյուսիսային Իրաքում անցկացված հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Բարզանիի հարցում սխալվել ենք» արտահայտությունը:
Հեղինակը նշել է, որ շուտով նմանատիպ հայտարարության ականատես կլինեն, երբ Էրդողանը վերոնշյալ հայտարարությունն անի «իր գործընկեր» Պուտինի վերաբերյալ:
«Խաբվելու նախանշանները ի հայտ եկան Պուտինի՝ Թուրքիա այցի ընթացքում նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ: Էրդողանն ասաց, որ Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ համակարծիք են: Պուտինն ուղղակի անդրադարձ չարեց թեմային՝ հղում անելով այդ թեմայով ՌԴ արտգործնախարարության՝ ավելի վաղ արած հայտարարությանը`«Ռուսաստանը հարգում է անկախություն ունենալու` քրդերի ցանկությունը»:
Պուտինի խոսնակ Պեսկովը Էրդողանի հայտարարությունից հետո լրացուցիչ հայտարարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Պուտինի ու Էրդողանի միջև լուրջ տարակարծություն չկա Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության անցկացրած անկախության հանրաքվեի վերաբերյալ»: Պեսկովը հայտարարել է, որ թեև ոչ մեծ, բայց քրդական հանրաքվեի հարցում նախագահների միջև, անուամենայնիվ, կան հակասություններ»,- գրել է թուրք սյունակագիրը՝ ուշադրության արժանացնելով նաև Սիրիայի հարցը:
«Իսկ Սիրիայի հարցը՞: Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը հայտարարեց, որ պատրաստ են քրդերի ինքնավարության վերաբերյալ բանակցություններ սկսել: Ռուսաստանի շնորհիվ ոտքի մնացած Ասադի ռեժիմը ԻՊ-ին հաղթելուց հետո հայտարարում է, որ կարող է բանակցություններ սկսել Սիրիայում քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության հետ, որին, ի դեպ, Անկարան ամեն առիթով ահաբեկչական կազմակերպություն է անվանում: Էրդողանի կողմից Պուտինին հնչեցված բողոքներից հետո Մոսկվայում շարունակում է բաց մնալ այդ կուսակցության գրասենյակը: Ուրեմն կարելի է ասել, որ Սիրիայի հարցում նույնպես հնարավոր չէ խոսել Անկարայի և Մոսկվայի լիակատար համաձայնության մասին: Այս ամենն իրար գումարելուց հետո պետք է սպասել մի նոր հայտարարության՝ «սխալվել եմ» կամ «խաբվեցինք»: Այդ բովանդակությամբ հայտարարությունը, կարծես, արդեն ճանապարհին է…»,- եզրափակել է Գյուրջանլըն: