Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Նազլու Փանոյանը պատմել է Վանիգավառի Վանի գավառակի Արճակի Խառակոնիս գյուղի կոտորածի մասին: 1914-ին Թուրքիան իրենց գյուղից ևս զորահավաքի պատրվակով հավաքագրել է բոլոր տղամարդկանց: Եթե մեկը համարձակվեր փախչել, նրա տանը թուրքերի կազմակերպած ծեծն ու բռնությունն անտանելի էր դառնում: Երբ Սարայի գայմագամը հարձակվել է Արճակի վրա, Նազլուի համագյուղացիները որոշել են դիմել փախուստի: Գյուղի երիտասարդներն ու բոլոր նրանք, որ կարող էին քայլել, բռնել են Վանի ճամփան:
«Ես Վանի նահանգի Արճակ գաւառի Խառակոնիս գիւղացի Նազլու Մանուկեան Փանոյեան, 48 տարու, այժմ կապրիմ Բագուի Հայոց գիւղի 6 – Նագորնիյ N 37 տունը, ինձ կօգնէ Գաղթ. մարմինը:
Մեր երկրին մէջ կապրէի ես մեր գիւղը, որ 220 տուն հայերէ կը բաղկանար: Մեր տունը, որ 11 անձերէ կը բաղկանար, այժմ կը մնանք ես, աղջիկս` Ալմաստ, տղաներս` Փանոս, Գրիգոր և Հայկ ու հարսս` Մաքրուհին, ընդամէնը 6 հոգի:
Մեռած են ամուսինս` Գէորգ, աղջիկս` Օղիկ, ամէնափոքր տղաս` Հայրիկ, թոռներս` Շաւարշ և Ալեք, ընդամէնը 5 հոգի:
1914 թուի զօրահաւաքին Թիւրքիան ինչպէս և միւս բոլոր գիւղերը, նոյնպէս ևս մեր գիւղէն հաւաքեց զինուորացուները, եթէ մէկը համարձակէր փախչիլ, այն ատեն ծեծը և բռնութիւնը այլևս անտանելի ին այդ տանը:
1915 թուի Աւետիքէն երկու օր առաջ Սարայի գայմագամը 3000-է աւելի զօրքով և միլլիներով Արճակ գիւղին վրայ յարձակուեց և կոտորեց գիւղին մէջ մնացող տարրը, իսկ յաջորդ օրը հերթը մեր գիւղին էր: Ժողովուրդը փախուստը կազմակերպուեց: Գիւղէն դուրս ելան և Աւերակիի գծով Վան դիմեցին գիւղին երիտասարդութիւնը և այն բոլորը, որոնք կարող էին գնալ: Այս փախչողներու մէջն էին մեր տունէն ամուսինս` Գէորգ, տղաներս` Փանոս և Կիօրօն և աղջիկս՝ Օղեր, իսկ մնացածներս գիւղը մնացինք: Յաջորդ օրը առաւօտեան խուժանը կրկին մեր գիւղին վրայ յարձակուեց և մի քանի համազարկեր տալէն յետոյ, երբ որ տեսան գիւղէն ոևէ պատասխանող մը չկայ, գիւղին մէջ եկան և իրենց առաջին գործը ըրին գիւղին մէջ մնացող տղամարդկանց կոտորել անխնայ 5-100 տարու եղողներուն: Կը բռնէին տղամարդիկը և կը բերէին կանանց ներկայութեան կամ դաշոյնով կը սպաննէին և կամ թէ գնդակով գլխուն այնպէս կը զարնէին, որ գլխի կափարիչը ձգեր: Գիւղի ծերունի ռէս Կիօրօն բռնեցին և բերելով հոն, ուր որ շատ կիներ կան հաւաքուած, այնքան ծեծեցին, որ ռէսը ուշաթափ գետին ինկաւ, յետոյ մեզ կը կանչէին. «Եկէ՛ք, ձեր ռէսը ազատեցէ՛ք», և ապա գնդակ մը ճակատին զարնելով` սպաննեցին անոր ևս: Առևանգումը չափազանց էր, իսկ բռնաբարութիւնը` ծայրահեղութեան հասած, որմէ շատ քիչեր ազատուեցան: Անկէ յետոյ մեզ հաւաքած Շիրինենց տուն լեցուցին: Գայմագամը արտօնեց՝ ով որ կ՚ուզէ, թող իրեն համար կին կամ աղջիկ ջոկէ: Մեր մէջ ինկաւ խուժանը և կատարեց իր բոլոր գազանութիւնները:
Ասոնցմէ երկուքը հարսս` Մաքրուհիին բռնեցին ձեռքէն, առան ու գետին զարկեցին անոր 3 տարու տղայ Շաւարշ և աղջիկը` Աշխէն և նրան տարան: Հարսիս դրութիւնը անպատմելի էր, նա կու լար անդադար, իսկ քիւրտերը չարչրկելով կը տանէին: Հարսիս տարան և երեք ժամէ վերջ նրան բաց թողին եկաւ: Մեզ մեր գիւղին մէջ երեք օր պահելէ վերջ Արճակ ղրկեցին, արճակցիներու մէջ Վանից Կարոյի տունը: Արճակ գնացած միջոցին ճամբան գետէն անցնելիս 30-է աւելի մեծեր ու երեխաներ գետը նետուեցին և ճամբան մնացին: Ճամբին մեռաւ նաև թոռս` Աշխէն: Արճակի մէջ մենք կ՚ապրէինք անոնց մէջ: Մեզ այնպէս կողոպտեցին, որ վրաներս հագուստ չթողին, բացի շապիկ և վարտիկէն: Այսպիսով մնացինք մինչև 18 օր ալ Արճակի մէջ, որ անկէ յետոյ Արճակի միւդիւրը մեզ երկու քիւրտ միլլիներուն յանձնելով՝ ղրկեց Վան: Անօթութիւնից ու վախից ճամբան մեռաւ տղաս` Հայրիկը:
Վան տարած միջոցին մեզ տարան Ակռբի կոչուած թիւրք թաղամասը և հոն թիւրքերը մեր մէջ իյնալով` չափազանց չարչարեցին, հոս ալ կրկնուեցին բռնաբարութիւններ և երկու օր պահելէ վերջ մեզի դէպի քաղաք ղրկեցին: Քաղաքը ղրկած պահուն արդէն շատերը իրենց Ակռբիի գետին մէջ ձգեցին և շատերը մեռան: Քաղաք ղրկեցին, ուր որ մեզ պահող չեղաւ և անկէ ալ մեզ Այգեստան ղրկեցին:
Այգեստան գացինք գտնելով մեր տունեցիներէն, անոնք, որոնք որ Աւերակիի գծով Վան էին գնացել և երկու շաբաթ Վան մնալէն յետոյ թիւրքերը փախան, հայ կամաւորները և ռուս զօրքը Վան եկան ու մենք ազատուած մեր գիւղը գացինք: Գիւղ հասած օրը մեռաւ Շաւարշը: 1915 թուի յուլիսի նահանջին գաղթեցինք և Իգդիր հասանք, ուր որ մեռան ամուսինս և աղջիկս՝ Օղեր, իսկ մնացածներս Բագու գալով կապրինք Հայոց գիւղը»:
1916 թ., Բաքու
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 469, թթ. 13-15 շրջ., բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 89 – 91: