կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-19 14:30
Հասարակություն

Թուրքերը սրի են քաշել գյուղի բոլոր տղամարդկանց՝ ճեղքելով և ցրիվ տալով նրանց գանգերը

Թուրքերը սրի են քաշել գյուղի բոլոր տղամարդկանց՝ ճեղքելով և ցրիվ տալով նրանց գանգերը

Աղբյուրը՝ armeniangenocide100

Սարգիս Ավետիսյանի պատմությունը

1913 թ., Վան

Սարգիս և Մարիամ Ավետիսյանները ծնվել են Վանի նահանգի Արծկե գավառի Առեն գյուղում: Նրանց հայրը` Միսակը, նահատակվել է հայրենի գյուղում Մեծ եղեռնի ժամանակ` 1915 թ. ապրիլին. մեկ օրում թուրքերը սրի են քաշել գյուղի բոլոր տղամարդկանց՝ ճեղքելով և ցրիվ տալով նրանց գանգերը, կիսելով մարմինները, թռցնելով գլուխները: Ջարդից մազապուրծ` Սարգսի մայրը` Մարիամը, երկար դեգերումներից հետո զավակների հետ հասնել է Արևելյան Հայաստան և ապաստանել Էջմիածնում:

 

Իմ մանկության վաղ շրջանի, միջավայրի, վարքուբարքի մասին ես թերևս չկարողանայի պատմել, եթե չլիներ 1901 թ. ծնված մեծ քույրս` Մարիամը…

 

1915 թ. ապրիլի 7-ին Սիահմադը 100 զինված ձիավորներով մտավ Առեն: Մելիք Ապրեից պահանջեցին, որ 12 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց հավաքեն եկեղեցու հետևում գտնվող Խաչաղբրի դարում: Այնուհետև իբր զենք ու ջանֆիդա հայտնաբերելու և իբր հետագա բոլոր հնարավոր անախորժությունները կանխելու պատրվակով սկսեցին տուն առ տուն խուզարկել: Տղամարդկանց տներից և թաքստոցներից հանելով` նրանց քշում էին Խաչաղբրի դար` իբր ժողով անելու: Առենցիները գլխի են ընկնում, որ իրենց հավաքել ու շարունակում են հավաքել և գյուղից դուրս են բերում կոտորելու համար, քանի որ զինված ասկյարները կտրել էին գյուղ տանող բոլոր հնարավոր անցքերն ու ճեղքերը և ոչ մի մարդու թույլ չէին տալիս նորից գյուղ մտնել:

 

3-4 ժամվա ընթացքում լրիվ դուրս բերվեց Առենի` տասներկու տարեկանից բարձր տարիքի արական սեռը: Կրակոցները սկսվում են միաժամանակ, և գյուղի ճանապարհները փակված լինելով` առենցի տղամարդիկ փախչում են դեպի բաց դաշտ` Առվտոցներ: Ասկյարները, սկզբում կանգնած տեղերից, հենց ձիերին նստած, սկսում են հրացանազարկ անել, սակայն քիչ անց նրանց հրացաններից արձակված գնդակներն այլևս հնձելու արդյունքը չեն տալիս արդեն հեռու փախածներին սպանելու համար, ուստի Սիահմադը, սուրը մերկացնելով, առաջինն է օրինակ ցույց տալիս: Թուրքերը կատաղի ընթացքով սկսում են սրի քաշել փախչողներին` ճեղքելով և ցրիվ տալով նրանց գանգերը, կիսելով մարմինները, թռցնելով գլուխները: Առվտոցները դառնում է առենցի մոտ 400-500 տղամարդկանց բացօթյա գերեզմանոցը:

 

Առենի տղամարդկանց սպանդից ազատվում է ընդամենը 4-5 հոգի: Նրանցից 2-3-ը փախչելով հասնում են Առնչկուսա քռեն, իսկ 1-2-ն էլ սպանված են ձևանում` երեսնիվայր ընկնելով դիակների կողքին: Նրանց թվում էին Ավետիս և Վահան (Փոխան) հորեղբայրներս և հորեղբորս աղջկա` Նիգյարի ամուսինը` Հովոն:

 

Արյան մոլուցքով տարված թուրքերը, ընկնելով մինչև Առնչկուսա քռեն փախչողների հետևից, սրատելով առենցիներին, կրկին վերադառնում են և ընկածների մեջ վիրավորներ տեսնելով` սպանում նաև նրանց:

 

Բացի այդ` մի քանի տասնյակ ասկյարներ բարկաթցի տղամարդկանց ևս բերում են և Ավզի լճակ և Խոռանց գյուղի արանքում սպանում` երկու կողմից փակելով ճանապարհները:

 

Օրը ցերեկով` մի քանի ժամվա ընթացքում, շրջանի հայկական բոլոր գյուղերը սկսում են ծուխ ու բոց տարածել հարթավայրի վրա: Դրան շուտով ավելանում է նաև մարդկանց այրվող մսի ճենճահոտը. Խոռանց գյուղի ողջ արական սեռն էր, որոնց հավաքել և լցրել էին գյուղի ռես Հակոյի մարագում և այրել:

 

Հայրս, չցանկանալով իր սիրած կնոջն ու զավակներին թողնել բախտի քմահաճույքին և մի քանի տասնյակ առենցիների հետ մեկնել Վան, սպանվում է Առենի հողում` Առվտոցներում, իր հարազատների հետ կողք կողքի (հայրս, երկու եղբայրները` Առաքելը, Հովհաննեսը և Առաքել հորեղբորս անդրանիկ և միակ որդին` Մուքայելը, սպանվում են մեկը մյուսից մի քանի քայլ հեռավորությամբ):

Բոլոր առենցիների պես նրանք էլ մնացին անթաղ ու անգերեզման… Դա 1915 թ. ապրիլի 7-ին էր` Ավետյաց չորեքշաբթի օրը:

 

Նույն գիշերը և հաջորդ ցերեկը թուրքերն Առենից դուրս են բերում բանող և մթերատու ամբողջ անասունը, այծն ու ոչխարը, ինչպես նաև մեծ քանակությամբ հացահատիկ և տնային թանկարժեք իրեր և շուրջ 80-100 սայլերին, եզներին, կովերին ու գոմեշներին բեռնած` իրենց թալանով հեռանում: Ավարի մեջ էին նաև գեղեցիկ կանայք ու աղջիկներ:

 

Թուրքերի հեռանալուց անմիջապես հետո Առեն են լցվում քուրդ ու չերքեզ մարդասպանների ոհմակները: Եվ սկսվում են անլուր թալանը, բռնաբարություններն ու սպանությունները, որոնց անխնա ենթարկվում էին բոլորը` կին ու երեխա, աղջիկ ու տղա, ծեր ու երիտասարդ:

 

Անպաշտպան մնացած հոտի նման ժողովուրդը մի տեղից մյուսն էր փախչում, մի գյուղից մյուսը գաղթում և ապահով տեղ փնտրում:

 

Վերջապես հասնում ենք Առվտոցներ և մինչև մութն ընկնելը թաքնվում գետնափոր պահարանում: Իմանալով, որ առենցիների մի մասը գյուղում է և հավաքվել է Սրգոյի Մուսեի, Քանքնի Հակոյի և Գևորգի Մնեի տներում, մենք ևս գնում ենք Առեն և պատսպարվում Սրգոյի Մուսեի տանը: Քրդերի ներխուժման ժամանակ մարդիկ լցվում են միմյանց վրա, և շատերը, հատկապես փոքր երեխաները, խեղդամահ են լինում: Մայրս տեսնելով, որ մենք ևս կարող ենք զոհ գնալ, մեզ Սրգոյի Մուսեի տնից տեղափոխում է մեր տուն. քրդերը չեն կասկածում, թե այնտեղ բնակվող կա, քանի որ մեր` այնտեղ մնալու մեկ շաբաթվա ընթացքում դռները փակ էին:

 

Գյուղի մեծ տներում ժողովրդին մի քանի օր շարունակ խուզարկելուց, թալանելուց, բռնաբարելուց հետո քրդերը դռները կողպում են և հրդեհում (քրդերից մեկը գյուղաբնակ մի երիտասարդ կնոջ պարանոցից հանում է ոսկյա վզնոցը, ականջներից` գինդերից մեկը, իսկ մյուսը պոկում է բլթակի հետ միասին: Գրկից ծծկեր երեխան խլելով` խփում է պատին ու կիսամեռ ու ուշակորույս գետին տապալված կնոջը բռնաբարում այդ տանը հավաքված կանանց ու երեխաների ներկայությամբ):

 

Առենի հայ բնակչության եղերական կոտորածը միայն մի նմանակն է Արծկեի, ինչպես նաև ողջ արևմտահայության ջարդի:

 

Արծկեի գյուղերից կենդանի մնացած կին, երեխա, ծեր ու մանուկ, ենթարկվելով քրդական ոհմակների հոշոտումներին, անպաշտպան մնացած հոտի նման գյուղից գյուղ փախչելով, ընկնելով սար ու ձոր, զրկված ապրուստի միջոցներից, սնվելով բացառապես խոտաբույսերով, հյուծված, բռնաբարված, տկլոր ու բոբիկ հուլիսի 19-ին բռնում են գաղթի ճանապարհը, այն է` Աբաղայի դաշտ, Բերկրի, Բայազետ, Սուրմալուի հարթավայր, Էջմիածին…

 

Հուշագրական ժառանգություն, գիրք ԺԴ, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական ուսումնասիրություններ, Երևան, 2011, 384 էջ, էջ 7–21: