Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միհրան Կարիպճանյանի վկայությունը
Վան, 1889թ.
Վանեցի Միհրան Կարիպճանյանն ուսանող էր Խարբերդի ամերիկյան Եփրատ քոլեջում, երբ թուրքական բանակը զորակոչ հայտարարեց: Հայերն ընդառաջ գնացին, և, առանց բացառության, 20-ից մինչև 40 տարեկան տղամարդիկ զինվորագրվեցին: Ապա հնչակյան լինելու զրպարտանքով սկսվեցին ձերբակալություններ, համաճարակի պատրվակով կառավարությունը փակեց դպրոցները: Հայ մտավորականներին բանտարկեցին, իսկ հուլիսի սկզբին հայտարարեցին՝ հայերը չորս օր ունեն` իրենց հաշիվները թուրքերի հետ փակելու և ճանապարհի պատրաստվելու համար: Չորս օրից սկսվեց տեղահանությունը՝ գերմանացի միսիոների՝ հայերի դեմ թշնամության դրսևորումներով:
«Միհրան Զաքարեան Կարիպճանեան, 27 տարեկան, վանեցի, ուսանող Եփրատ Գոլէճի և աստուածաբանական ճեմարանի Խարբերդում: Այժմ բնակւում եմ Թիֆլիսում, Բադանիկեան փողոց N 37 և ուսուցիչ եմ գաղթ. դպրոցներում:
Ես Խարբերդի գոլէճում ուսանող էի, երբ յայտարարուեց զօրաժողովը: Այս առթիւ կառավարութիւնը կարմիր յայտարարութիւններ փակցրեց թէ՛ քաղաքի և թէ՛ գիւղերի պատերի վրայ: Բայց որովհետև քրդերը պետական լեզուն և յայտարարութեան իմաստը չէին հասկանում, կառավարութեան պաշտօնեաները նրանց սիրտը շահելու համար յայտարարեցին, որ նրանք պիտի հաւաքուեն հայերը ջարդելու և թալանելու համար: Եւ ահա՛ քրդերը մեծ բազմութեամբ թափուեցին քաղաքը և սկսեցին զինուորագրուելը:
Հայ ժողովուրդը ընդառաջ գնաց զինուորագրութեան և առանց բացառութեան 20-ից մինչև 40 տարեկանը զինուորագրուեցին: Ես չեմ յիշում որևէ դէպք, որ հայ երիտասարդը խուսափի զինուորագրութիւնից, բացի իհարկէ, պետական օրինական միջոցներից (օր. պէդէլ (զինուորական տուրք) վճարել): Ինչպէս յայտնի է, Խարբերդում հայերը և թիւրքերը առանձին թաղամասերում են ապրում: Զինուորագրութիւնից յետոյ կառավարութիւնը սկսեց հայ վաճառականներից հաւաքել մեծ քանակութեամբ ապրանք` ապագային վճարելու խոստումով: Մի թուղթ էր տալիս հայ վաճառականներին և անհաշիւ չափերով ապրանք էր տանում: Շատ հայ առևտրականներ այդ պատճառով ուղղակի թալանուեցին և սնանկացան:
«Եփրատ» գոլէճի աւարտողները և բարձրագոյն կարգերի աշակերտները տարուեցան զինուորական դպրոցը` սպայութիւն սովորեցնելու համար:
Իբրև ականատես կարող եմ վկայել, որ երբ ես Բերտակ գիւղում բողոքականներին քարոզչութիւն էի անում, 1915-ի Ծննդեան տօներին թիւրքական ժանտարմները մտան այդ գիւղը և մի քանի օր սանձարձակ կերպով կերան, խմեցին, թալանեցին և շատ կանայք բռնաբարեցին: Մի քանի տներ էլ այրեցին նրանք, որոնց ականատես էի ես:
1915-ի Ծնունդից յետոյ ամերիկացի միսիոնարների և հայ հարուստների մեծ շէնքերը սկսան լեցնել զինուորներով: Ֆրանսիական եկեղեցու գմբէթն ու խաչը քանդելով` դատարկեցին և հիւանդանոցի վերածեցին:
Հալածանքի առաջին դէպքը, որ պատահեց, այդ հնչակեանների հալածանքն էր, որ Պոլսէն արձագանգ գտաւ գաւառներում: Խարբերդում մի պարոնի (որի անունն մոռացել եմ) իբրև հնչակեան` զրպարտելով բռնեցին և իբրև թէ մօտը գտան «կարևոր» դոկումենտներ ու փաստաթղթեր: Նրան ուղղակի Պոլիս աքսորեցին: Այնուհետև խուզարկութիւնը ծաւալեցաւ հնչակեանները ձերբակալելու անուան տակ:
Համաճարակը պատրուակ բռնելով կառավարութիւնը բոլոր հայկական դպրոցները, ինչպէս նաև թիւրք դպրոցները (բացի Սուլթանիէից) փակեց և նրանց մէջ զինուորներ լցրեց: Դպրոցի զինուորական տարիքում գտնուող ուսուցիչներին և աշակերտներին բանուորական խմբերի մէջ մտցնելով ուղարկեցին դիրքեր:
Այդ պատահեցաւ 1915 թուի մարտ 15-ին: Բայց ես այդ բանից ազատ մնացի իմ անցագրիս պատճառով, ուր 17 տարեկան էր նշանակուած իմ տարիքը: 1915 թուի ապրիլից սկսեալ բանակում գտնուող հայ զինուորներին սկսեցին զատել ու զինաթափ անել, նրանցից շատերին վերադարձրեցին Խարբերդ, մօտաւորապէս 6-7000 հոգի առաջնորդեցին թիկունքի աշխատանքներին և կազմեցին նրանցից ամելիէ թապուրիներ (բանուորական գնդեր): Այդ ժամանակ խուզարկութիւններ սկսուեցին քաղաքում. նախ թղթեր և ցէնզուրի կնիք չունեցող գրքեր սկսան փնտրել և տէրերին բռնել ու բանտարկել: Մասնակի խուզարկութիւնները քիչ-քիչ ընդհանուր և մասսայական բնոյթ ստացան: Հայ փրոֆէսորներին սկսան մէկիկ-մէկիկ բանտարկել: Թէ՛ գիւղերի և թէ՛ քաղաքի հայ մտաւորականներին սկսան բռնել, առևտրականներին, քահանաներին և ուսուցիչներին անխտիր բանտարկում էին: Այդ երևոյթը սիստեմատիկ և ծայրայեղ բնոյթ ստացաւ: Փրոֆեսորներից՝ Նիկ. Թէնէքէջեան, որ բողոքականների ազգապետն էր, փրոֆ. Յովհ. Պուճիգանեան, փրոֆ. Տօնապետ Լիւլէճեան, փրոֆ. Նահիկեան, Որբերեան, Աամուէլեան, Խաչատուրեան, Սողիկեան և նախապատրաստականի ուսուցիչներ` թուով 8 հոգի բանտ ձգուեցին, նմանապէս թիւրքահայ յայտնի գրող Թլկատինցին, իր դպրոցի ուսուցչական կազմով հանդերձ: Վարդան քահ. Ասլանեանը և ուրիշ շատ քարոզիչներ, հասարակական գործիչներ և ուսուցիչներ բռնեցին: Դաշնակցական յայտնի գործիչ դեղագործ Կարօն` իր ընկերներով միասին բռնուեցին:
Փրոֆ. Լիւլէջեան կը պատմէ, թէ (որ այժմ ազատուել է) բանտին մէջ շատ սարսափելի տանջանքների էին ենթարկում հայ բանտարկեալներին, եղունգներր քաշում էին, ձեռներն ու ոտները սղմիչ մեքենայի տակ էին դնում, հաստ փայտերի միջոցով կռնակից արիւն էին հանում և ամէն տեսակ սարսափելի տանջանքներ: Փրոֆ. Պուճիգանեանը ծեծած ժամանակ, նրա երեսին բղաւում էին, թէ «Հայը պիտի ապրի՞». (Այս նախադասութիւնր փրոֆեսորր արտասանած էր հրապարակով` իր մէկ ճառին մէջ): Պուճիգանեանն այդ խօսքերին պատասխանում է, թէ «Հայը պիտի ապրի ու բարձրանայ իր մոխիրներից և աճիւններից»: Բանտային ծեծը, բռնութիւնը և անօթի թողնելը այնքան սարսափելի էին, որ Մուրադեան անունով յայտնի հայ վաճառականը մեռաւ հոն և գաղտնի գերեզմանատուն տարուելով թաղուեց»:
Աղբյուրը՝ armeniangenocide100