կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 14:40
Քաղաքական

Դեմ եմ այս հանրաքվեն նախկին մեթոդներով անցկացնելուն. Աղվան Վարդանյան

Դեմ եմ այս հանրաքվեն նախկին մեթոդներով անցկացնելուն. Աղվան Վարդանյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների կարևորության մասին:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են նաև այն իմաստով, որ ԿԸՀ-ն, որը գործող Սահմանադրությամբ միակ իրական պատասխանատուն էր ընտրությունների անցկացման համար, փոխում է իր սահմանադրական կարգավիճակը, քանի որ այն ընտրվելու է ԱԺ պատգամավորների երեք հինգերորդով:

«Ընտրական օրենսգիրքը ծանր ու երկարատև աշխատանք եմ համարում, բայց համոզված եմ, որ եթե նույնիսկ այսօրվա ԱԺ-ում այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմություն են հայտարարել, սկսեն պաշտպանել իրենց կուսակցական շահերը, ապա կարող են ապահովել հնարավորինս լավ և զսպող Ընտրական օրենսգիրք:

Այսօրվա Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում չունի երեք հինգերորդ: Ումի՞ց պետք է պահանջենք: Ես, իհարկե, անհանգստություն ունեմ, որ կլինեն պատգամավորներ, ովքեր այլ կուսակցության համար կարող են աշխատել, բայց դա արդեն այլ պատմություն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա համոզմամբ՝ միակուսակցական համակարգն այլևս աշխարհում չի կարող երկարատև կյանք ունենալ: Համամասնական ընտրակարգի և նորմալ ընտրական օրենսգրքի պարագայում 99,9 տոկոսով բացառվում է, որ որևէ քաղաքական ուժ կարող է այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում ստանալ մեր բնակչության ձայների 50-ից ավելի տոկոսը, ինչը նշանակում է կոլեգիալ կառավարում, որոշումների ընդունման թափանցիկություն, համաձայնեցում, փոխզիջումներ:

Աղվան Վարդանյանը վստահ է, որ երբ ազգաբնակչությանը մատչելի ձևով բացատրվի, թե ինչ են ունենալու սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ապա մարդկանց մեծ մասը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին:

Լրագրողների հարցին, թե ի՞նչը պետք է ետ պահի իշխանություններին, որ հանրաքվեի ժամանակ չդիմեն ընտրակեղծիքների, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կա հանրաքվեի մասին օրենք, որն ասում է, որ 600 հազար «այո»-ն բավարար է՝ հանրաքվեն անցկացնելու համար: Կարծում եմ, որ համոզիչ աշխատելու պարագայում, մեկ միլիոն մարդ կմասնակցի հանրաքվեին, և 600 հազար «այո» ձայնը ապահովված կլինի: Ես դեմ եմ այս հանրաքվեն նախկին մեթոդներով անցկացնելուն»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՅԴ հիմնական աշխատանքներն իրականացվելու են Ընտրական օրենսգրքի ուղղությամբ, որը կդառնա սահմանադրական հանրաքվեից հետո թիվ մեկ քաղաքական օրակարգը: ՀՅԴ-ն արդեն ունի հանձնախումբ, որն աշխատելու է այդ ուղղությամբ:

«Դեռ շատ բան փոխվելու է, շատ ջրեր են հոսելու, և ես վստահ եմ, որ այն հետևողականությունն ու սկզբունքայնությունը, որն ունի Դաշնակցությունը, ի վերջո, Դաշնակցությանը դարձնելու է ամենամեծ դերակատարություն ունեցող քաղաքական ուժը»,- ասաց նա: