կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 14:00
Քաղաքական

Ինչու Էլինար Վարդանյանին հեռացրեցին ԲՀԿ-ից. բացատրում է խմբակցության քարտուղարը

Ինչու Էլինար Վարդանյանին հեռացրեցին ԲՀԿ-ից. բացատրում է խմբակցության քարտուղարը

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցին Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու պատճառների մասին: Հարցին, թե արդյո՞ք նրան հեռացրեցին, որովհետև դեմ էր սահմանադրական փոփոխոթյուններին, թե՞ այն պատճառով, որ Էլինար Վարդանյանը համարվում է քոչարյանական կադր, Էնֆիաջյանը պատասխանեց. «Էլինար Վարդանյանին հեռացնելը որևիցե կերպ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի: Ամիսներ շարունակ նրա կողմից եղել է պասիվ գործունեություն խորհրդարանում: ԲՀԿ կենտրոնական տարածքային կառույցում քննարկվել է Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը: Մատնանշվել են այն փաստերը, որոնք հիմք են հանդիսացել դրա համար: Հիմնական պատճառը եղել է նրա պասիվ մասնակցությունը կուսակցական աշխատանքներին»:

Պատգամավորի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Էլինար Վարդանյանը գնացել է գործուղման ու չի տեղեկացրել խմբակցության ղեկավարին, կամ եղել են հայտարարություններ նրա կողմից, որոնք ընդունելի չեն եղել ԲՀԿ խմբակցության համար: Բացի այդ` ԲՀԿ խմբակցության` բավական մեծ թվով պատգամավորներ պահանջել են հանձնաժողովների նախագահների պաշտոններից հետ կանչել Էլինար Վարդանյանին ու Ստեփան Մարգարյանին: Ուստի հենց այդ պատգամավորները պետք է կողմնորոշվեին և քայլ անեին:

«Եթե նրանք այլ ծրագրեր ունեն, ազնիվ կլիներ, որ հստակեցնեին իրենց դիրքորոշումը, իսկ եթե կուսակցությանը համահունչ պետք է գործեն, ուրեմն ես խնդիր չեմ տեսնում, որ նրանք շարունակեն պաշտոնավարել հանձնաժողովների նախագահների պաշտոնում»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ ԲՀԿ-ում կան շատ պատգամավորներ, որոնք շատ պասիվ են, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ նմանատիպ որոշումներ նրանց հանդեպ չեն կայացվել, պատգամավորն արձագանքեց, որ ԲՀԿ-ում որևէ պատգամավոր խնդիր չի ունեցել` հայտնելու իր դիտարկումները և կարծիքը: Նա առավել ազնիվ համարեց Տիգրան Ուրիխանյանի պահվածքը, ով ներկայանում է նիստին, մասնակցում քվեարկությանը և դեմ է քվեարկում` ներկայացնելով հիմնավորումներ:

Էնֆիաջյանի խոսքով՝ հարգելի են համարվել այն ԲՀԿ-ականների բացակայությունները, ովքեր գործուղման են եղել երկրից դուրս: Սակայն եղել են այնպիսի ԲՀԿ-ականներ, ովքեր եղել են համապատասխան միջավայրում, բայց արել են այլ հայտարարություններ, և եղել են Հայաստանում, սակայն չեն մասնակցել քվեարկությանը: Նրանց բացակայությունը ԲՀԿ խմբակցությունն անհարգելի է համարել: