կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-17 16:49
Քաղաքական

ՀԷՑ-ՀԾԿՀ շանտաժը

ՀԷՑ-ՀԾԿՀ շանտաժը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու` միանգամայն կանխատեսելի որոշումը: Օգոստոսի 1-ից սպառողները 1կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն արդեն 48.78 դրամ: Թե ի՞նչ հետևանքներ է ունենալու այս թանկացումը սպառողների սոցիալական վիճակի, ապրանքների և ծառայությունների գների և տնտեսության վրա, պարզ կդառնա մոտ երկու ամսից, թեև բոլորն են հասկանում, որ սպասումները միայն բացասական են:

Հանձնաժողովը սակագինը բարձրացնելու այս որոշումը ներկայացրեց այնպես, կարծես եւս 10 դրամի չափով սակագնի բարձրացման` ՀԷՑ-ի պահանջը մերժելն իսկական սխրանք է ցանցերի հետ մղվող կենաց ու մահու պատերազմում, և դրա համար իրենց ոչ թե պետք է քննադատել կամ պարսավել, այլ առնվազն շնորհակալ լինել: Իբրև փաստարկ` բերվեց այն օրինակը, որ թեև ընկերությունում գործող միջին աշխատավարձը ՀԷՑ-ը սակագնում ներառել էր 240 հազար դրամի հաշվարկով, սակայն իրենք միջին աշխատավարձի չափ են սահմանել 200 հազար դրամը: Բացի դրանից` ՀԾԿՀ-ն պնդում է, որ մերժել է նաև ցանցում տեխնոլոգիական կորուստների նորմատիվը գործող 11.2 տոկոսի փոխարեն 12. 4 տոկոս սահմանելու` ՀԷՑ-ի չհիմնավորված առաջարկը:

Բայց որպեսզի ավելի տպավորիչ լինի, թե ինչ գնով ու ինչ ծանր պայմաններում է հանձնաժողովը կայացնում այս որոշումը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ընթերցեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի` իրեն ուղղված ուլտիմատումային նամակը, որով սպառնում են էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով չբարձրացնելու դեպքում չերաշխավորել մատակարարման որակը և հուսալիությունը, չկատարել նախատեսված ներդրումները և նույնիսկ հանձնաժողովին ներկայացնել լիցենզավորված գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցը: Ավելի պարզ ասած` ՀԷՑ-ի տնօրինությունը սպառնացել է կա\'մ դիմել հովհարային անջատումների, կա\'մ էլ, առաջադրելով ցանցերի կառավարումից հրաժարվելու հարցը, համակարգն ուղղակի ամբողջապես մատնել ճգնաժամի:

Որքանո՞վ են ՀԷՑ-ի տնօրենի այս ուլտիմատումներն իրական, դժվար է ասել: Ինքը` Բիբինը, հանձնաժողովի այդ վճռորոշ նիստին չէր մասնակցում և հնարավոր չէր անմիջականորեն նրանից մեկնաբանություններ ստանալ: Մի կողմից` նիստին Բիբինի չմասնակցելը կարող է ՀԾԿՀ-ից դժգոհության դեմոնստրացիա լինել, ինչը, վիրավորական, նույնիսկ` ցինիկ լինելուց բացի, խիստ համահունչ է Նազարյանի կողմից ընթերցված նամակի շեշտադրումներին ու սպառնալիքներին, ինչպես նաև այն արհամարհական կեցվածքին, որով ՀԷՑ-ի տնօրինությունը մոտենում է Հայաստան պետությանը: Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ նա չէր եկել պարզապես ՀԾԿՀ-ի և ՀՀ կառավարության հետ վերջնագրային տոնով խոսելու կապակցությամբ մեկնաբանություններ տալուց խուսափելու համար` դրանով օգնելով Նազարյանին իր նամակի միջոցով ճնշելու սակագնի բարձրացման դեմ հանրային աճող տրամադրությունները:

Հետևաբար, որքան կարող էին Բիբինի սպառնալիքները իրական լինել, նույնքան էլ հնարավոր է, որ սա ՀԾԿՀ-ՀԷՑ դիմակայության մի յուրատեսակ թատրոնի կարևոր ատրիբուտ է, որի ողջ իմաստը հանրությանը փաստի առջև կանգնեցնելն էր: Եթե այդպես է, ապա Նազարյանի կողմից Բիբինի նամակի հնչեցումն ավելի շատ պետք է ընկալել որպես ՀԷՑ-ի «բերանով» հասարակությանն ահաբեկելու փորձ: Այսինքն` եթե հասարակությունը չհամակերպվի ՀԾԿՀ-ի սահմանած նոր սակագնին, և սոցիալական բունտ սկսվի, այլընտրանքը լինելու են հովհարային անջատումներն ու, ընդհանրապես, ՀԷՑ-ում քաոսային, աղետալի իրավիճակի առաջացումը:

Փաստացի, իշխանությունը ՀԷՑ-ի հետ միասին ժողովրդին առաջարկում է ընտրություն կատարել երկու չարիքների միջև` կա\'մ էլեկտրաէներգետիկ համակարգը փլուզվում է` ավելի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ հարուցելով, կա\'մ սակագինը պետք է բարձրանա: Այս երկընտրանքի առանձնահատկությունն այն է, որ եթե հասարակությունը հիմա համակերպվում է իրեն պարտադրվող «չարյաց փոքրագույնի»` այս մանիպուլյատիվ պայմաններին, ազատում է ՀԷՑ-ի ձեռքերը` հետայսու նույն շանտաժով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Որ սա իսկապես կարող է ՀԷՑ-ՀԾԿՀ պայմանավորվածությունների արդյունք լինել, ցույց է տալիս հնչած սպառնալիքներին ադեկվատ արձագանքելուց թե\' ՀԾԿՀ-ի և թե\' կառավարության հրաժարվելը: Եթե ՀԾԿՀ-ն իսկապես համոզված է, որ սակագինն իր ուզած չափով բարձրացնելու` ՀԷՑ-ի հիմնավորումներն արդարացված չեն, և անընդունելի է համարում նման սպառնալիքների հնչեցումը, ինչպես փորձում է ցույց տալ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ապա ոչինչ նրան չէր խանգարում հայտարարել, որ սպառնալիքների կենսագործման դեպքում անմիջապես առաջ է քաշվելու ՀԷՑ-ին գործունեության լիցենզիայից զրկելու, դրանից հետո արդեն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով ՀԷՑ-ի գույքային համալիրն օտարելու, այսինքն` ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից վերցնելու և նոր օպերատորին հանձնելու գործընթաց:

Եթե ունեցած այս ուժեղ լծակի մասին հանձնաժողովը «համեստորեն» լռում է, նշանակում է` կա\'մ համարձակությունը չի ներում ռուսական ընկերությանը գոնե «հաթաթա տալ», սթափեցնել ու հաճույք է ստանում ինքն իրեն ու հասարակությանը ՀԷՑ-ի կապրիզների գերին դարձնելուց, կա\'մ էլ գործ ունենք հասարակության մոտ գոնե սեփական դեմքը շարքային աճպարարությունների միջոցով փրկելու` ՀԾԿՀ-ի հուսահատ ջանքերի հետ:

Գևորգ Աղաբաբյան