կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 14:19
Հասարակություն

Սա բարեգործական հիմնադրամ չէ. փոխքաղաքապետը` Երևանի տոնը չեղարկելու և սահմանամերձ գյուղերին օգնելու մասին

Սա բարեգործական հիմնադրամ չէ. փոխքաղաքապետը` Երևանի տոնը չեղարկելու և սահմանամերձ գյուղերին օգնելու մասին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ծրագրի կյանքի կոչման համար այս տարի պետբյուջեով 130 մլն դրամ է նախատեսված, իսկ մասնավոր սեկտորի կողմից էլ 30 մլն դրամ է հատկացվել. այսօր լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ 4000-ից ավելի քաղաքացի է ստորագրել պահանջը` չեղարկել Երևանի տոնակատարությունը և այդ գումարը տրամադրել սահմանամերձ բնակավայրերին:

Սուքիասյանը նշեց, որ հարցը քննարկել են քաղաքապետարանում, սակայն որոշել են` Երևան քաղաքի տոնն անպայման պետք է նշվի: «Վստահ եղեք, որ Էրեբունի-Երևանի տոնը պետք է նշենք: Երևանն օրենքով սահմանված իր լիազորություններն ունի, որոնք տարածվում են միայն Երևանի սահմաններում: Ուստի` քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել` Երևանի հետ կապված այս կամ այն խնդիրը լուծելով: Բացի այդ` մի շարք կազմակերպություններ մեզ նվիրատվություններ են կատարել` նպատակադրված, և մենք բարոյական իրավունք չունենք նպատակադրված գումարն այլ կերպ ծախսելու»,- ասաց նա` հավելելով, որ Երևանի քաղաքապետարանի լիազորություններից ուղղակի դուրս է նման քայլի դիմելը:

Փսխքաղաքապետը կարծում է, որ, նման պահանջ ներկայացնելով, մենք այլ պետության ջրաղացին ենք ջուր լցնում, քանի որ այդ կերպ մեր զինվորի ուժն ենք կասկածի տակ դնում: «Մենք մրցունակ բանակ ունենք, որը կարող է պաշտպանել հայրենիքը»,- ասաց նա:

Սուքիասյանի կարծիքով` Երևանի տոնը պետք է նշվի հպարտորեն: «Վերջին հաշվով` սա բարեգործական հիմնարկ կամ հիմնադրամ չէ»,- նշեց նա:

Ի դեպ, Սուքիասյանը տեղեկացրեց նաև, որ տոնական միջոցառումներին ելույթով հանդես գալու համար անհատ կատարողներին տրվում է 100-150 հազար դրամ, իսկ խմբերին` 200-300 հազար դրամ:

Հարցին, թե արդյո՞ք ստորագրահավաքից հետո եղել են կատարողներ, որոնք հրաժարվել են ելույթ ունենալ տոնական միջոցառմանը, Սուքիասյանը պատասխանեց` ոչ: