Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-04-04 13:23
Քաղաքական

Երեւանի փոխքաղաքապետը ճիշտը չասաց

Երեւանի փոխքաղաքապետը ճիշտը չասաց

Ի տարբերություն կառավարության այլ նիստերի, այսօրվա նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, մի քանի հարցերի կապակցությամբ բուռն քննարկումներ էին ծավալվում:

 

Երեւանի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը հաստատելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական խիստ տոնով հետաքրքրվեց, թե ապագայում սպասվում է, որ նման անբարեխիղճ կառուցապատողներ, նման ռիսկեր կլինեն: «Ստացվում է, որ կան կառուցապատողներ, որոնք ժողովրդից փողերը հավաքել են, բայց ի վիճակի չեն կատարել շահառուների նկատմամբ իրենց պարտավորությունները: Հիմա դրա դեմը ո՞նց առնենք»,- հարցրեց վարչապետը:

 

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ռիսկերի վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան, վստահեցրեց, որ նման ռիսկեր Երեւանում այլեւս չկան:

 

«Ի տարբերություն Ձեզ, ես ստանում եմ ահազանգեր, որ կան կառուցապատողներ, որոնք փող ստանալու համար դիմում են բանկերին, որպեսզի կարողանան ավարտին հասցնել իրենց շինարարությունը: Դա նշանակում է, որ այդ մարդիկ քաղաքացիների փողերը հավաքել են, բայց իրենց չի բավարարում, որպեսզի կարողանան ավարտին հասցնել իրենց անավարտ շինությունները»,-խիստ տոնով փոխքաղաքապետին արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ հայտարարեց, որ, եթե հիշողությունն իրեն չի դավաճանում, նման ռիսկեր կան Գլխավոր պողոտայում: Նա նշեց նաեւ, որ անհրաժեշտության դեպքում անգամ հասցեներ կարող է ասել:

 

Ռիսկերի առկայությունը հաստատեց նաեւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա էլ Արաբկիր համայնքում առկա ռիսկերի օրինակներ բերեց:

 

«Մենք այս պահին մեր քաղաքացիներին պետք է կոչ անենք, որ նման գործարքներից խուսափեն, եթե չկա նոտարական վավերացում, պայմանագրեր չկնքեն: Ես խնդրում եմ նմանատիպ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն տալ կառավարությունում այս հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի վաղը, մյուս օրը նորից այսպիսի պայթած գործեր չունենանք»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը: