Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ճապոնիայի կառավարության հերթական` 10-րդ դրամաշնորհային ծրագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 170 մլն իեն, որով ձեռք է բերվել 61 տրակտոր, 7 գութան, 3 հավաքիչ-մամլիչ եւ 3 կցասայլակ:
Այսօր այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը: Ըստ նրա` ձեռք բերված տեխնիկան կիրացվի աճուրդային եղանակով, նախապատվությունը կտրվի սահմանամերձ եւ բարձրլեռնային համայնքներում գործող կոոպերատիվներին:
«Իհարկե, 61 տրակտորով գլոբալ ձեւով լուծել գյուղատնտեսության մեխանիզացման հարցը հնարավոր չէ, բայց սա քայլ է, որը կօգնի եւ կբարելավի վիճակը գյուղերում»,- նշեց Վ. Կարապետյանը` հավելելով, որ բոլոր մարզերում էլ այսօր գյուղտեխնիկան հնացած է ու թարմացման կարիք ունի, իսկ տեխնիկական զինվածության առումով համեմատաբար բարվոք է վիճակը Գեղարքունիքի մարզում:
«Տեխնիկայի թվաքանակի առումով հանրապետությունն ինչ-որ չափով ապահովված է, այլ հարց է, թե այդ տեխնիկան ինչ վիճակում է եւ քանի տարեկան է: Մեր տեխնիկայի մեծ մասը 25-30 տարվա մաշվածություն ունի, եւ եթե այսօր մեր հին կոմբայններով բերքահավաք անենք, ապա բերքի` 40 տոկոս կորուստ կունենանք»,- ասաց փոխնախարարը:
Վարդան Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է դրամական օգնություն ցուցաբերել Ճապոնիայի կառավարությանն ու ժողովրդին` իր աշխատակիցների աշխատավարձի 10 տոկոսի չափով: Կամավորության հիմունքներով հավաքագրված գումարի չափը հասնում է 2,5 մլն դրամի: