կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-24 12:02
Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց, որ իր գլխավորած խմբակցությունը պառակտված է. Գագիկ Մելիքյան

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց, որ իր գլխավորած խմբակցությունը պառակտված է. Գագիկ Մելիքյան

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին:

Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացավ մի քանի տարի առաջ, երբ պարզ դարձավ, որ գործող Սահմանադրությունը ոչ թե մարդակենտրոն է այլ անձնակենտրոն, և որ այն չի կարողանում ապահովել իշխանության թևերի միջև հավասարակշռությունը:

Ըստ Գագիկ Մելիքյանի` սահմանադրական փոփոխությունների շուրջ հաջողվեց հասնել քաղաքական կոնսոլիդացիայի, և դրա մասին են վկայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բոլոր տեսակի քննարկումները:

«ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ ոչ բոլոր ուժերի ներսում էր, որ միանշանակ դեմ էին արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: Խոսքը ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների մասին է: Եվ մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը ընդունեց, որ իր գլխավորած խմբակցությունը պառակտված է, և այնտեղից մի քանի հոգի են միայն դեմ սահմանադրական փոփոխություններին: «Ժառանգություն» խմբակցությունից ընդամենը մեկ մարդ է դեմ սահմանադրական փոփոխություններին: Դա «Ժառանգության» վերջին և միակ ղեկավարն է` Զարուհի Փոստանջյանը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Ոչ»-ի ճակատին, Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ նախքան «ոչ» ասելը, պետք է լավ ծանոթանալ սահմանադրական փոփոխությունների նախագծին և փորձել առաջարկություններով հանդես գալ: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` այդ մարդիկ, բացի «ոչ» ասելուց, որևէ բովանդակային առաջարկություն չեն ներկայացնում, որովհետև նախագծի բովանդակությանը պետք է ծանոթ լինեն, որ կարողանան բովանդակային առաջարկություններ ներկայացնել:

Գագիկ Մելիքյանի կարծիքով` սահմանադրական փոփոխություններից հետո պատգամավորների թիվը կնվազի, և կհասնի 110-115-ի: Նա նաև կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա այս տարվա վերջին` դեկտեմբերին: