Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես կարդացի ձեր բոլորի գրած նամակները եւ դրանք այնքան շատ էին, որ ես չէի կարող դրանց մեկ առ մեկ պատասխանել: Եւ իմ պատասխանն այսօր, հիմա, այստեղ ձեզ հետ միասին Խորենացի փողոցում գտնվելն է»,- լրագրողներին ու քաղաքացիներին ասաց արդեն Խորենացի փողոց վերադարձած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա եւ բոլոր ժամանակների համար խնդրում եմ արձանագրեք` ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ ԼՂՀ-ին, ծառայում եմ հայ ժողովրդին:
Եւ ինչ էլ որոշի ժողովուրդը, ինչ էլ որոշի հայ ժողովուրդը, պարտավորվում ենք այդ որոշումն ի կատար ածել` մի պայմանով, որ այդ որոշումը պիտի լինի, հստակ, աներկբա, տեսանելի եւ կասկածի տեղիք չտվող»,- ասաց Փաշինյանը:
Իր ելույթում նա նախ անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետորսյանի այսօրվա հայտարարությանը:
«Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նա, ես կասեի, տարօրինակ հայտարությամբ է հանդես եկել: Անդրադառնալով ՊՊԾ գնդում տեղի ունեցածին եւ Սասնա ծռերի գործողություններին, ասել է` այսօր անիմաստ է վերլուծել այդ պատճառները, որոնք առիթ են տվել, այդ պատճառները պետք է վելուծենք հետո: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Ասել` կարիք չկա հասկանալ` ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք բուժենք, հետո կհասկանանք` ինչ հիվանդ էր: Սա նշանակում` եկեք հիվանդը մեռնի, հետո դիահերձումով կիմանանք` ինչ հիվանդ էր: Սա ամոթալի հայտարարություն է: Ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչէ ասում: Մի՞թե այն պատճառով, որ իրավիճակի խորքային վերլուծությունը կարող է ցույց տալ, որ այս իրավիճակի փուլային կամ փաթեթային լուծումը պարտադիր կարող է ներառել մի կոմպոնենտ` Սերժ Սարգսյանի հեռացումն իշխանությունից:
Եւ ինչու է սա ասում առաջին նախագահը, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ` Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան.- հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ Տեր-Պետրոսյանը ուզում է օգնել Սերժ Սարգսյանին, որ ի վերջո կարողանա արձանագրել, որ 97 թվականին ինքը ճիշտ էր ասում:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ իր քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է եղել մշտապես Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն միմիայն ժողովուրդն իրավունք ունի որոշելու` թե դա լինելու է այսօր, հուլիսին, օգոստոսին, թե 2017-ին:
Փաշինյանը եւս մի անգամ ասաց, որ ինքը չի թույլատրելու, որ կասկածելի վարքով անձինք սադրանքեր անեն, բախումներ հրահրեն:
Փաշինյանը կոչ արեց սկսել խաղաղ պայքար` առանց բռնությունների` նախ Երեւանում, ապա մարզերում: