կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-20 10:23
Քաղաքական

Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին առաջարկել Մանվելին նշանակել բրիգադի հրամանատար. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստ»

Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին առաջարկել Մանվելին նշանակել բրիգադի հրամանատար. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, գեներալ Նորատ Տեր–Գրիգորյանցի բնորոշմամբ` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կազմակերպված, հայրենասեր եւ հարգված մարդ է:

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում Ռուսաստանում ապրող գեներալն ասաց. «Մանվել Գրիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար: Ինձ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին առաջարկել: Մանվել Գրիգորյանը բարձր մակարդակի հրամանատար էր: Ես տեղյակ չեմ` ինչպե՞ս է նա ապրել խաղաղ ժամանակ եւ հարստացել»:

Նորատ Տեր–Գրիգորյանցը, խոսելով ԱԱԾ–ի խուզարկության մասին, նշեց, որ զինվորների պահածոների հայտնաբերումն իր համար անհավատալի եւ ծիծաղելի էր: «Դա մանկական բարբաջանքի էր նման»,- ժպտալով՝ ասաց մեր զրուցակիցը:

Զենք–զինամթերքի հայտնաբերումը գեներալին այդքան զարմանալի եւ ծիծաղելի չթվաց, սակայն նրա համար այլ բան էր անհասկանալի. «Ինչքան գիտեմ, Մանվել Գրիգորյանը հեղաշրջում անել չէր ուզում: Ինչո՞ւ այդքան շատ զենք: Դա պետք էր հանձնել: Երկրապահները պետք է սերունդ կրթեն, փորձ փոխանցեն: Ձեր հարցերի պատասխանները չունեմ, քանի որ երբեք այդ կառույցի մասին չեմ ունեցել հետին մտքեր եւ այլ պատկերացումներ»:

Մեր հարցին` ՊՆ–ն կամ անձամբ նախկին նախարարն ի՞նչ կապ կարող էին ունենալ այս գործին, գեներալը պատասխանեց. «Ես իրավապահ չեմ, չեմ կարող ասել: Ես 1995 թվականից դուրս եմ եկել նախարարությունից եւ կապ չունեմ: Գուցե նրանք էլ իմ կարիքը չունեն: Բայց, էլի եմ ասում, երեւույթն ամոթալի է»: