կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 16:15
Առանց Կատեգորիա

Տեր-Պետրոսյանը սկսեց, Տեր-Պետրոսյանն էլ ավարտեց

Տեր-Պետրոսյանը սկսեց, Տեր-Պետրոսյանն էլ ավարտեց

Կան հոդվածներ, որոնք պետք է կարդալ վերջից, ընդ որում` ամենավերջից՝ հենց ստորագրությունից: Բանն այն է, որ այսքան առատ եւ խայտաբղետ լրահոսում ոչինչ չասող կամ խիստ պոետիկ վերնագրերը հետաքրքրական չեն, եւ շատ հնարավոր է, որ բավական հետաքրքիր հրապարակումներ մատնվեն անուշադրության, ինչ է, թե` վերնագիրը ճիշտ չի ընտրված կամ գրավիչ չէ:

 

Այս հոդվածների շարքում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածները: Համաձայնեք, օրինակ «Պատերազմ եւ խաղաղություն», «Բաց նամակ Սերժ Սարգսյանին» կամ «Սրտի խոսք» վերնագրերը առնվազն հետաքրքիր չեն, եթե չասենք` հնացած ու կրկնվող: Այլ բան է, երբ, ենթադրենք, «Սրտի խոսք» հոդվածի վերջում մենք տեսնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյան ստորագրությունը, սա արդեն հետաքրքրական է կամ դեռ հետաքրքրական է: Ասում ենք դեռ, որովհետեւ առավոտյան, թերթելով մամուլը, Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսք»-ը չտեսանք մամուլի էջերում: Կային մեկնաբանություններ, բայց նրա  սրտի ամբողջական խոսքն այլեւս քչերին է, կարծես, հետաքրքրում:

 

Ինչեւէ, միանգամից ասեմ, որ չենք խոսելու Տեր-Պետրոսյանի ոչ մի հոդվածի մասին, առավել եւս` չենք փորձելու վերլուծել դրանք կամ բացահայտել տողատակերը, որոնք միշտ կան առաջին նախագահի բոլոր հոդվածներում, անգամ` բանավոր խոսքում:

 

Բոլորովին այլ բանից ենք խոսելու` բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից: Եթե հիշում եք ժամանակին հենց Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ հանրապետությանը պետք է բուրժուա-դեմոկարտական հեղափոխություն, եւ որ այդ հեղափոխությունն արդեն սկսվում է:

 

Ժամանակի ընթացքում մեզ փորձում էին համոզել, բացատրել, որ այդ հեղափոխությունն արդեն սկսվել է, պետք է ուղղակի ուժեղ լինել, համբերել, քանի որ այն երկարատեւ գործընթաց է, հաշվարկ է պետք, հաշվարկն արվում է, արված է, հաղթելու ենք, ապրելու ենք, լավ ենք ապրելու, ազատ ենք ապրելու… Բայց այստեղ կանգ առնենք, նախ՝ ոչ բոլորն էին այս վերջինն ասում, հետո` սա առանձին պատմություն է: «Հեղափոխությունը», ինչպես հասկանում ենք, ավարտվեց:

 

Իհարկե, դեռ ոչ ոք չի հայտարարել եռյակի փլուզման մասին, բայց ակնհայտ է, որ այս ձեւաչափն այլեւս սպառել է իրեն տարբեր պատճառներով, տարբեր մարդկանց մեղքով: Սա չէ էականը, այլ այն, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ամենավճռորոշ փուլում Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ է գրում Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով հանդիպել եւ միմյանց հետ, կողք կողքի նստած, խոսել, որոշել մի ընդհանուր բան, կարեւոր չէ` ինչ թեմայով, կարեւոր է` Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը:

 

Փաստենք, ուրեմն՝ նախ՝ Սերժ Սարգսյանի հետ ազգային եւ պետական նշանակություն ունեցող հարցերի տետատետ քննարկումը ո'չ ամոթ է, ո'չ դավաճանություն, ո'չ էլ ծախվածություն: Համենայն դեպս, ոչ մի ՀԱԿ-ական նման պնդումներ չի կարող անել: Հետո՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն ավարտվեց Սերժ Սարգսյանին ուղղված՝ Տեր-Պետրոսյանի նամակով, որի հիմնական ասելիքը հետեւյալն է` «եկեք միասին անենք, ես Ձեզ կօգնեմ»:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ