Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի տարբերություն ծեծի, հաստավիզ լինելն ու դեմքի` միանշանակ զարզանդ արտահայտություն ունենալը քրեորեն պատժելի չէ: Ոչ մի օրինապահ մարմին աշխարհի ոչ մի երկրում մարդու չի ձերբակալի զուտ նրա համար, որ նա հաստավիզ է եւ դեմքի` միանշանակ զարզանդ արտահայտություն ունի: Այլ հարց է` երբ այս մեկն ինչ-որ այլ մեկի ծեծի է ենթարկում: Սակայն անգամ այդ պարագայում մարդուն, այո, ձերբակալում են, մեղադրում են, բայց եթե անգամ նրան բերման են ենթարկում դեպքի վայրից, միեւնույն է, մարդն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը նրան ուղղված մեղադրանքը հիմնավորված չի համարել:
Հիմա` արդյո՞ք մեղավոր է Ռուբեն Հայրապետյանը, որ նրա թիկնազորի նախկին կամ ներկայիս (դեռ հստակ չէ) ներկայացուցիչը ծեծել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին: Համենայն դեպս, մեզանից շատերը ոչ թե նման հարց են տալիս, այլ վստահություն են հայտնում եւ, առանց խորանալու, բացահայտելու, հետաքննելու, քաղաքական աստառ տալիս այս ամենին:
Ինքը` Սմբատ Հակոբյանը, անգամ չի պնդում, որ իրեն ծեծել է հենց Հայրապետյանի թիկնազորից մեկը, հենց Հայրապետյանի հրահանգով, այն նույն Հայրապետյանի, որը /Հակոբյանի խոսքերով/ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կռվել է Հակոբյանի ջոկատում, այն նույն Հայրապետյանի, որին մեկ տարի առաջ գովում էր Սմբատ Հակոբյանը եւ հիմա էլ այնպես չէ, որ փնովում է:
Հիմա` ուրեմն ի՞նչ եղավ: Իհարկե, հնարավոր է` Հայրապետյանն ու Հակոբյանն ինչ-որ բան չեն կիսել, իրար չեն հասկացել, կռվել են, ինչի հետեւանքով էլ Հայրապետյանը հրամայել է ծեծել Հակոբյանին, եւ հրամանը կատարվել է: Բայց սա ոչ թե հենց այսպես է, այլ հնարավոր է, ինչպես եւ այն, որ Հակոբյանը հնարավոր է` անձնական խնդիրներ ունի ինչ-որ անհայտ մեկի հետ, վերջինս էլ հարմար պահը գտել եւ ծեծել է: Սա եւս հենց այսպես չէ, այլ հնարավոր է:
Այնպես որ` միշտ չէ, որ հաստավիզները մեղավոր են լինում, համենայն դեպս, այնքան ժամանակ, քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ: Օրինակ` ապացուցվե՞լ է, որ Մհեր Սեդրակյանը հրամայել է ծեծել Վահան Մարտիրոսյանին: Կա՞, արդյոք, այս գործով կատարված հետաքննություն, դատավճիռ: Իհարկե, շատերս ուրախ կլինեինք, որ Վահան Մարտիրոսյանին գոնե մի հոգի ծեծած լիներ, բայց արդյո՞ք նրան ծեծել են: Վստահ ենք, չէ՞, որ այդ տղան ինչ ասում է, սուտ է ասում, ուրեմն գուցե ստում էր, որ իրեն ծեծել են եւ ծեծել են հենց Մհեր Սեդրակյանի հրամանով կամ անձամբ` Սեդրակյանը:
Այս պատմությունը մի նրբություն ունի, ընդ որում` ամբողջովին հասկանալի: Այն կոչվում է համաժողովրդական զզվանք, այսինքն` ժողովուրդը` մենք, բոլորս, այնքան ենք արդեն զզվում տարբեր տեսակի օլիգարխներից եւ նրանց թիկնազորի անդամներից, որ չենք էլ ստուգում` արդյո՞ք նրանք են ծեծել: Չենք ստուգում, քանի որ վստահ ենք, որ հենց նրանք են ծեծել, վստահ ենք, քանի որ գիտենք, որ նրանք մեղավոր են ամեն ինչում, գիտենք, քանի որ այդպես է:
Անկախ ամեն ինչից՝ առողջություն եւ արագ կազդուրում ենք մաղթում Սմբատ Հակոբյանին:
Հովիկ Աֆյան