Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ։
«Ս.թ. հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակվեց «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, որին հետևեցին տարատեսակ մեկնաբանություններ ու շահարկումներ, և որն առիթ դարձավ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով վերը նշված տեսանյութը, նպատակահարմար է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները.
Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրավասու չէ միջամտել հանրային հեռարձակողի, ինչպես նաև այլ` մասնավոր հեռարձակողների բովանդակային քաղաքականությանը, և գործում է` ղեկավարվելով բացառապես հեռարձակողների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և Հանձնաժողովի կողմից ընդունված կարգերով:
Հանձնաժողովը կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, որի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ լրատվամիջոցներին: Սակայն, անհրաժեշտ ենք գտնում արձանագրել, որ տվյալ դեպքում վերը նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է:
Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հանձնաժողովը բազմիցս հրավիրել է գործադիր և օրենսդիր մարմինների ու հանրության ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ այս և նմանատիպ օրենսդրական բացերը (բազմաթիվ այլ երկրներում այս խնդիրները օրենսդրորեն կարգավորված են) նվազեցնում են Հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները և սահմանափակում են ՀՀ քաղաքացիների իրավունքը` ստանալու օբյեկտիվ, անկողմնակալ, ատելության խոսքից և մանիպուլյացիաներից զուրկ տեղեկատվություն: Ցանկանում ենք նաև նշել, որ ժողովրդավարական երկրներում նման խնդիրները լուծվում են լրագրողական ինքնակարգավորվող մարմինների կողմից:
Հանձնաժողովն ափսոսանքով նշում է, որ անմեղության կանխավարկածի, ինչպես նաև տեղեկատվության անաչառության, տեսակետների բազմազանության, պատասխանի իրավունքի սկզբունքների, ինչպես նաև լրագրողական վարքագծի խախտումները ավելի հաճախ են տեղ գտնում մի շարք մասնավոր հեռուստաընկերությունների հաղորդումներում, սակայն այդպիսի խախտումները չեն արժանանում հանրության, քաղաքական ուժերի, հասարակական և ժուռնալիստական կազմակերպությունների ուշադրությանը:
Հանձնաժողովն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվեց իր պարզաբանումները ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ: Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 31-ի՝ Խորհուրդը պատասխանատու է հանրային հեռուստառադիոծրագրերի ծրագրային քաղաքականության, լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների պահպանման համար և պարտավոր է բողոքների հիման վրա, կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրել լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը: Հետևաբար, հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ (անկախ նրանից, թե ինչքանով են հիմնավոր ներկայացրած մեղադրանքները) խորհուրդը պարտավոր է արձագանքել, մշտական երկխոսության մեջ լինել հասարակության հետ:
Հանձնաժողովի հասցեին որոշ անձանց, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի կողմից հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ, Հանձնաժողովը հայտնում է հետևալը. ՀՌՀ-ն ՀՀ Սահմանադրությամբ ստեղծված անկախ պետական մարմին է, և ՍԴ նախագահի խորհրդականը պարտավոր է իմանալ, որ «Հանձնաժողովը էականորեն թերանում է իր գործառույթներում» արտահայտությունը հանրայնորեն հնչեցնելուց առաջ անհրաժեշտ էր համեմատել Հանձնաժովի կատարած ներկա աշխատանքն ավելի վաղ ժամանակների հետ, կամ հստակ նշել օրենսդրությամբ սանմանված այն նորմերը, որոնց համաձայն Հանձնաժողովը պարտավոր էր պատասխանատվության ենթարկել Հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագիրը: Ավելին, խորհրդականը, հանդիսանալով հանրային ծառայող, պարտավոր էր պահպանել հանրային ծառայողի վարքագծի կանոնները, որոնք սահմանված են «Հանրային ծառայության մասին» օրենքով։
Հանձնաժողովը կոչ է անում բոլոր վերգետնյա հեռարձակողներին պահպանել լրագրության մեջ միջազգայնորեն ընդունված կանոններն ու նորմերը, չօգտվել գործող օրենսդրության անկատարությունից և չօգտագործել լրատվամիջոցները որպես նեղ քաղաքական և անձնական շահերի սպասարկման գործիք, գիտակցել սոցիալական պատասխանատվությունը, չխախտել քաղաքացիների իրավունքը՝ ստանալու ճշգրիտ, բազմակողմանի տեղեկատվություն»: